Ալիևի «բերանը լեզու դնելու» պտուղները

Nov 08, 2018 Comments Off on Ալիևի «բերանը լեզու դնելու» պտուղները

Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալից հայտարարություններով է հանդես եկել: Նա ընդգծել է, թե ռազմական ներուժը հզորացնելու և ղարաբաղյան խնդիրը ցանկացած, այդ թվում՝ պատերազմով կարգավորելու պատրաստակամության մասին:

«Մենք ոչ մի տարբերակ չենք բացառում», -Աղդամի շրջանում հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով. «Մենք այսուհետ ևս զարգացնելու ենք մեր ռազմական հնարավորությունները, և կարծում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից է, քանի որ, ցավոք, միջազգային իրավունքի նորմերը լիովին անտեսվում են: Մենք կհասնենք մեր ցանկացած արդյունքին, մենք պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատագրվեն օկուպանտներից, և այդպես էլ կլինի»:

Ի դեպ, նկատենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին Դուշանբեում ունեցած կարճատև զրույցից հետո, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում և ուղիղ կապ հաստատել, Ադրբեջանի ղեկավարությունը խուսափում էր ռազմատենչ հայտարարություններից: Երեկ, սակայն, Իլհամ Ալիևը կրկին մտել է սպառնալիքների ռեժիմ, պնդելով, թե Բաքուն պատրաստ է ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի․ – «Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման: Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մենք ապագայում ևս մեկուսացնելու ենք Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերից և, օգտագործելով բոլոր միջոցները, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը»:

Հայաստանի նոր ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորության մասին Ալիևը չի խոսել, բայց պնդել է, թե «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախորդ վարչակազմի սխալները»: «Նրանք պետք է բանակցությունների միջոցով դուրս բերեն օկուպացիոն զորքերը գրավյալ տարածքներից և հնարավորություն տան Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալ իրենց հարազատ ու պատմական բնակավայրերը», – ասել է Ալիևը՝ հավելելով․ – «Որքան շուտ նրանք կհասկանան դա, այդքան լավ իրենց համար ու տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ մենք մտադիր չենք համակերպվել այս իրավիճակի հետ»:

Ընդ որում, հատկանշականն այն է, որ Ալիևը կրկին անդրադարձել է 2016թ ապրիլյան պատերազմին, դա ներկայացնելով Ադրբեջանի հաղթանակ, ապա հոխորտացել, թե այն ինչ տարիներ շարունակ նա ասում էր Հայաստանի իշխանությունների հասցեին, դա հիմա կրկնում է հայ ժողովուրդը: Ալիևն ամենակոպիտ խոսքերով է որակել Հայաստանի գեներալիտետին՝ «գող ու ավազակ» ներկայացնելով, ընդ որում՝ հղում անելով հայ ժողովրդին:

Սա իրականում բավական խորքային խնդիր է: Իհարկե, Ադրբեջանն ու Ալիևյան կլանը ավտորիտար ռեժիմ է և երկիրը թալանել և շարունակում է թալանել ավելի մեծ մասշտաբներով: Բայց թեկուզ սեփական ժողովրդի քարոզչության համար նրանք «Հայաստանը թալանող» գեներալիտետին են մատնացույց անում:

Ինչու՞… Որովհետև մենք ենք Ալիևի «բերանում լեզու» դնում: Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք գիտակցի, թե բանակի վարկաբեկումը ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ պատերազմող երկրի համար: Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ ինքն այլևս ընդդիմադիր թերթի խմբագիր չէ, պետության ղեկավար է, պատերազմող երկրի ղեկավար է և ցանկացած բառ ու միտք արտահայտելուց առաջ պետք է կշռադատել, հասկանալ դրա հնարավոր հետևանքները: Ասել բաներ, որոնք հետո Ալիևը մատի փաթաթան է դարձնելու ու ասելու՝ «բա որ ասում էի…», կոտրելու է մեր երկրի ուժը:

Օրինակ՝ Փաշինյանն ունի՞ այս հարցի պատասխանը: Մենք ունե՞նք գեներալ Մանվելին փոխարինողներ, որոնք ցանկացած պահի կարող են մի քանի հազար մարդու սահմաններ ուղարկել ու ահ ու սարսափ գցել ադրբեջանական կողմում: Մենք ունե՞նք ռեսուրս երկիրը ներսից «սև ու սպիտակ» տարանջատումով քայքայելով՝ դիմակայելու ցինիկ, խորամանկ, սանձարձակ հակառակորդին…

Սրանք հարցեր են, որոնց ներկա իշխանությունը պետք է տա ու իր մեջ պատասխաններ գտնի:

Բացի այդ, Հայաստանում, երբ վերջին օրերին իշխանություններից լսում էինք հավաստիացումներ, թե Դուշանբեի պայմանավորվածություններից հետո էականորեն նվազել է լարվածությունը, այսօր Ալիևը կրկին ցույց տվեց նոր «մոտեցում»: Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն, թե ում հետ գործ ունեն: Այլապես հայկական կողմից գոհունակ հայտարարություններն էլ ավելի կարող են լկտիացնել առանց այն էլ սանձարձակ Ալիևին:

Ինչու՞ հիմա Ալիևը «ատամ» ցույց տվեց… Շատ պարզ է պատասխանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև «օպերատիվ կապի» հաստատման տեղեկություններից, հարաբերական անդորրի հաստատումից հետո Ալիևը հիշեցնում է, թե «ով ով է», որ Ադրբեջանից զիջումներ չեն լինելու, հայկական կողմը պետք է գնա զիջումների:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: