ՀՀԿ-ի լուրջ կորուստը

Nov 08, 2018 2 Comments

 ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ, հայտնի ռուսաստանահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել որ առաջիկա խորհրդարնական ընտրություններում չի առաջադրվելու: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ անցած տարիներին աջակցության համար, խոստովանել, որ արել է այն, ինչ կարողացել ու  հայտարարել  դադար վերցնելու մասին:

«Չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է:

Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ: Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել: Շնորհակալություն օրենսդիր-գործադիր մարմինների բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հատկապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ովքեր վստահել և հավատացել են ինձ:

Հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, անհրաժեշտության դեպքում համապետական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում, գնահատական հնչեցնելու համար պատգամավորի մանդատ ունենալը պարտադիր չէ: Ես շարունակելու եմ լինել Ձեր կողքին, իմ պետության հետ, շարունակելու եմ կարողություններիս սահմանում ծառայել մարդկանց: Իմ ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են,նորերն են իրականացվելու»,- նշել է Կարապետյանը տարածած հաղորդագրության մեջ:

Այնպիսի տպավորություն է, որ Կարապետյանը թայմաուտ է վերցնում՝ վերադառնալու խոստումով: Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի առանցքային ֆիգուրներից է, շնորհիվ իր եղբոր՝ Սամվել Կարապետյանի, նա, մարմնավորում էր կարելի է ասել, ՀՀԿ-ի առանձին ու անկախ թևերից մեկը : Ի տարբերություն ՀՀԿ-ի մյուս պատգամավորների՝ Կարեն Կարապետյանը միշտ կարողացել է ինքնուրույնություն դրսևորել, ժամանակ առ ժամանակ քննադատել երկրի ղեկավարությանը, ինչը նրան մշտապես ներվել է: Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շրջանառվում էր նաև որպես վարչապետի կամ այլ բարձր պաշտոնի հավանական թեկնածուի: Բայց  նա կարճ ժամանակով աշխատեց ընդամենը որպես նախագահի աշխատակազմի ղեկավար:

Կարպատյանը 6 անգամ անընդմեջ ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մեծամասնական կամ ռեյտինգային ընտրակարգով: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում նա ՀՀԿ-ի և ողջ հանրապետության  ամենաշատ ձայներ ստացած ռեյտինգային պատգամավորն է եղել: Կասկածից  վեր է, որ հայրենի Տաշիրում առաջդրվելու դեպքում նա դարձյալ կստանար առավելագույն քվեներ՝ բացառապես անձնական վարկանիշի հաշվին, որը ձևավորվել է Կարապետյանների ընտանիքի կողմից իրականացված սոցիալական և տնտեսական ծրագրերի շնորհիվ: Գործող Ընտրական օրենսգրքով ռեյտինգային թեկնածուին տրված ձայները տոկոսներ են ապահովում նաև այն քաղաքական ուժին, որն առաջադրել է տվյալ թեկնածուին: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի չառաջադրվելը լուրջ կորուստ էր ՀՀԿ-ի համար: Նախորդ ընտրություններում  Կարապետայնը ՀՀԿ-ի համար ապահովել էր մի քանի տասնյակ հազար ձայն: Հատկապես հիմա, երբ ՀՀԿ-ն շատ թույլ է, Կարապետյանի առաջադրումը կարող էր լուրջ նշանակություն ունենալ: Բայց Կարեն Կարապետյանը որոշել է այդ աջակցությունը չցուցաբերել ՀՀԿ-ին: Միաժամանակ նա շատ պարզ հայտարարում է, որ անհամաձայնություն ունի նաև ներկա իշխանության հետ: Հեղափոխական թիմը, ինչպես շատ նախկինների, այնպես էլ Կարեն Կարապետյանի  «տեսակին ոչ հարազատ է»  և նա ընդհանրապես դիսկոմֆորտի մեջ է: Բայց Կարապետյանը  խոսում է դադար առնելու և ոչ թե հեռանալու մասին:  Քաղաքականության մեջ  դադարին հաջորդում է վերադարձը, որը Կարապետյանի դեպքում կարող է լինել հաջորդ արտահերթ կամ էլ գուցե հերթական ընտրություններին: Թե ինչպիսին կլինի այդ վերադարձը՝  նախկի՞ն, թե՞ նոր ուժի ձևաչափով, ցույց կտա ժամանակը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ “ՀՀԿ-ի լուրջ կորուստը” հրապարակմանը