Փաշինյանը, Դուշանբեն ու դեկտեմբերի 9-ը

Nov 08, 2018 Comments Off on Փաշինյանը, Դուշանբեն ու դեկտեմբերի 9-ը

ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին Հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակի մասին հարցին՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերջերս այցելել էր Հայաստան և տարածաշրջան: Նա վերահաստատեց, որ ԱՄՆ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ի համաձայնեցված սկզբունքների ներքո, հայտնի որպես մադրիդյան սկզբունքներ, որոնք ներառում են սպառնալիքի կամ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սեփական ապագան ընտրելու ժողովրդի իրավունքը:

Ի տարբերություն ռուսական կողմի՝ ամերիկյան կողմը հստակ նշում է երեք սկզբունքները, մինչդեռ Մոսկվան առավելապես կենտրոնացել է Դուշանբեի պայմանավորվածությունների վրա:

Օրեր առաջ ղարաբաղյան թեմային է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել: «Մենք հասկանում ենք, որ մինչև բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնց մենք հետևում ենք, հազիվ թե դիտարկվեն հստակ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման համար», – ասել է Ս.Լավրովը:

Ապա՝ Լավրովն անդրադարձել է հարցին, թե երբ Ստեփանակերտը կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ստեփանակերտի ներգրավման համար անհրաժեշտ է Երևանի ու Բաքվի համաձայնությունը, որը դեռևս չկա: Նրա խոսքով, ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: «Որքան մենք գիտենք, նման համաձայնություն չկա»: Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանակին մասնակցել են բանակցություններին: Այնուհետև նշել, որ հայկական ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն երկար տարիներ անմիջականորեն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է իրավիճակը ղարաբաղյան շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին «քիչ թե շատ կայունացել է»: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ խոսելով Հայաստան, Ադրբեջան և Արցախ կատարած այցերի մասին: Նա շեշտել է, որ Դուշանբեում պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել և որոնք իրականացվում են այժմ: «Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել ենք Երևանի և Բաքվի միջև հաստատված կապի գծի մասին»,- ասել է Պոպովը լրագրողներին:

Հիշեցնենք, որ ավել վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դուշանբեում պայմանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «օպերատիվ կապ» ստեղծելու մասին: Բաքվում հավելել էին, որ Ալիևը և Փաշինյանը հավատարմություն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Փաստացի ստացվում է, որ միջնորդները ղարաբաղյան բանակցությունների շարունակման երաշխիք են համարում Դուշանբեի պայմանավորվածությունները: Իսկ ի՞նչ է լինելու Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո՝ այդ պայմանավորվածությունները Ալիևը հարգելո՞ւ է, թե՞ նոր պահանջներ է ներկայացնելու Փաշինյանին:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: