Ինչ կարմիր գիծ են քաշել, որը չպետք է հատենք

Nov 08, 2018 1 Comment

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները: Դրանց մեծ մասը չեղարկվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք` 2015-ի օգոստոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

Ինչպես ողջ աշխարհում, պաշտոնական Երևանը ուշադրությամբ հետևում է Իրանի շուրջ զարգացումներին: Այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ՝ հայտարարելով․ – «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ»:

«Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն», – ասված է հայտարարությունում, որ հրապարակել է արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: Նաղդալյանը նաև փոխանցում է, որ «այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»:

Ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց՝ Իրանի հետ սահմանը աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված կարող է փակվել, հայտարարությունից հետո պաշտոնական Երևանի կողմից հստակ գնահատական է: Թերևս, պաշտոնական Թեհրանին այնքան էլ դուրեկան չէր լինի Փաշինյանի նշյալ հայտարարությունը, և Երևանը հարկ է համարել լրացուցիչ պարզաբանել, թե որքան կարևոր է Հայաստանի համար Իրանի հետ սահմանը:

Հավելենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը ամերիկյան Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկուշաբթի երեկոյան բացահայտել է այն ութ պետությունների ցանկը, որոնց պաշտոնական Վաշինգտոնը ժամանակավորապես հնարավորություն է տվել իրանական նավթ գնել: Բոլթոնի խոսքով՝ այդ պետություններն են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Հունաստանը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն չճանաչված Թայվանը:

«Մենք շարունակաբար ասել ենք, որ իրանական նավթի գնումները զրոյին հասցնելը հենց դա է նշանակում` ամբողջությամբ հրաժարվել Իրանում արդյունահանված նավթից: Դրա հետ մեկտեղ, որոշ երկրների, որոնք վերջին երեք-չորս տարիներին իրանական նավթ էին ձեռք բերում, ժամանակ է հարկավոր դրանից ամբողջությամբ հրաժարվելու համար: Բայց այդ պետությունների համար մշտական բնույթի բացառություններ չեն արվելու` դա բացառվում է: Կամ թեհրանցի մոլլաները արմատապես կփոխեն իրենց գործելաոճը, կամ էլ կբախվեն տնտեսական աղետի», ասել է Բոլթոնը:

Ամերիկյան պատժամիջոցներն ավելի ու ավելի ծանր են դառնում Իրանի մեկուսացման տեսանկյունից: Մեծ է վտանգը այդ պատժամիջոցներով ուղղակի Իրանին ծնկի բերելու հավանականությունը: Ակնհայտորեն, Վաշինգտոնի նպատակը հենց դա է:

Այս համատեքստում Հայաստանն, իհարկե, կշարունակի Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, բայց հարցն այն է, թե Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններում Հայաստանի պաշտոնատարների առջև ինչ «սահմաններ» են գծել, որոնք Հայաստանի իշխանությունները չպետք է հատեն ու անցնեն:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ինչ կարմիր գիծ են քաշել, որը չպետք է հատենք” հրապարակմանը