Ինչպե՞ս կդատեն Սերժ Սարգսյանի եղբոր որդուն

Oct 25, 2018 Comments Off on Ինչպե՞ս կդատեն Սերժ Սարգսյանի եղբոր որդուն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։

Հարցին, թե իրեն հայտնի՞ է հետախուզման մեջ գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը, Հայկ Սարգսյանը չի պատասխանել, ընդամենը ժպտացել է:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հատկանշական է, որ այս գործով տուժող Դավիթ Սիմոնյանը, ով առավել հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով, տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա ընտանիքի հետ: Ավելին՝ Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ նա մշտապես ՀՀԿ վստահված անձ է եղել այն ընտրատեղամասում, որտեղ ընտրության էր մասնակցում Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքը: Նա հանրությանը հայտնի է նաև 2009 թվականին ՀԱԿ ակտիվիստների դեմ հարձակման գործով: Բացի այդ՝ «Կենտրոնի Կյաժը» մեղադրվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության  գործով և տևական ժամանակ եղել է կալանքի տակ: Սակայն Ալեքսանդր Սարգսյանի որդու գործի վերաբացումից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը  փոխվել է, և նա ազատ էր արձակվել: Ինչպես հայտնի է, 2018 թ. հունիսի 29-ին Դավիթ Սիմոնյանը դատախազություն հաղորդում էր ներկայացրել, որ 11 տարի առաջ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը իր վրա կրակել և մարմնական վնասվածք է պատճառել։ Նախկինում կարճված քրեական գործը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերաբացվել է, և Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելը և պահելը) հատկանիշներով։

Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։ Առաջին դատական նիստում որոշում է կայացվել գործով տուժող, «Կենտրոնի Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանին հաջորդ դատական նիստին բերման ենթարկել։ Ըստ դատարանի՝ տուժողը պատշաճ ծանուցվել էր դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել դատարան, ինչի պայմաններում նրան պետք է բերման ենթարկել։ Հայկ Սարգսյանի պաշտպանը նաև պահանջել է, որ դատարան ներկայացվի տուժողի հագուստը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն հայտարարել է, որ քրեական գործում տվյալներ առկա չեն տուժողի հագուստների վերաբերյալ. «Քրեական գործը ոչնչացված է, և տվյալներ չկան քրեական գործով առարկաների վերաբերյալ»,–նշել է դատախազը։

Պաշտպանը նաև հայտարարել է, որ 2007 թ. հարուցված քրեական գործի նյութերը ոչնչացված են, և հնարավոր չէ պարզել, արդյոք տուժողի դիմումում նշված հանգամանքները, որի հիման վրա վերաբացվել է գործը, նոր երևան եկած հանգամանքներ են, թե՝ ոչ։

Խորհրդանշական մի փաստ ևս. Սերժ Սարգսյանի եղբորի որդին մինչ դատավարության մեկնարկը հայտարարել է, որ անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նաև ասել է, թե դատարանից արդարադատություն է ակնկալում:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: