Պուտինի խորհրդականի սկանդալային ակնարկը Երևանում. գազի գինը կբարձրանա՞

Oct 24, 2018 Comments Off on Պուտինի խորհրդականի սկանդալային ակնարկը Երևանում. գազի գինը կբարձրանա՞

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,  որ Հայաստանին մատակարարվող գազի գնի հաշվարկը պետք է արվի ռուբլով: Ըստ Գլազևի՝ ՌԴ–ի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների պայմաններում միանգամայն բնական է գազի գնի համար անցումը ռուբլուն. «Շատ բնական ու հետևողականորեն երկար ժամանակ այս հարցը՝ ազգային արժույթներով հաշվարկին անցնելը, բարձրացվում է, և ՌԴ-ի դեմ կիրառվող ֆինանսական պատժամիջոցների պայմաններում, սա այսօր դարձել է միանգամայն գերակա: Մենք մեզ չենք կարող թույլ տալ մեր երկրների միջև գործարքային հաշվարկներում օգտագործել դոլարը, որովհետև այն այսօր դարձել է տոքսիկ արտարժույթ»,- հայտարարել է Սերգեյ Գլազևը:
Ավելին՝ նա ասում է, որ երկու երկրների միջև դոլարի գործածումը պայմանավորված է քաղաքական բարդություններով՝ բանը կարող է անգամ հասնել դատական հայցերի, առգրավումնեի և խափանումների:

Հարցին, թե սա երբ է հնարավոր ու հնարավոր է արդյոք՝ ՌԴ նախագահի խորհրդականը պատասխանել է, որ պայմանագրի վերանայումը գործընկերների կամքով է պայմանավորված, քանի որ ռուբլին վերջին չորս տարիներին եղել է անկայուն: Ըստ որում՝ ոչ միայն արժույթի հարցը, այլ գնագոյացումը։

ՌԴ նախագահի խորհրդականի խոսքով՝ ԵԱՏՄ պատմության ողջ ընթացքում միտումն այն է, որ ռուբլին դառնում է այս միության շրջանակներում առևտրաշրջանառության գլխավոր միջոցը: Սա Կրեմլի ներկայացուցչի կողմից արված ուշագրավ հայտարարություն է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ նախկին կառավարությունները մշտապես դիմել են ՌԴ կառավարություններին, որպեսզի գազի գործարքի գինը հաշվվի ՌԴ ազգային արժույթով՝ ռուբլով:

Նախկինում ռուսական կողմը այս համաձայնությանը չէր գնում, որովհետև, ինչպես Գլազևն է խոստովանել, ռուբլին անկայուն էր: Տվյալ պարագայում պետք է արձանագրել, որ անկայունությունը նկատվել է առավելապես փոխարժեքի անկման տեսքով: Ամերիկյան վերջին պատժամիջոցները, որոնք ուժի մեջ մտան այս տարվա օգոստոսից, էլ ավելի են թուլացրել ռուսական ռուբլին, և բնականաբար ռուսական կողմին այս պահին թուլացած ազգային արժույթով էներգակիր վաճառելը հազիվ թե ձեռնտու լինի: Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան ռուսական կողմի շահն է, այլ ամերիկյան սպասվող պատժամիջոցները, որոնք կարող են գնալով ավելի խստացվել: Կրեմլում հասկանում են, որ Վաշինգտոնը կարող է նաև մի գեղեցիկ օր արգելել ու թույլ չտալ, որ Ռուսաստանը դոլարով արտաքին առևտուր իրականացնի: Այդ իսկ պատճառով նախապես ապահովագրվելը Մոսկվային ձեռնտու է:

Թերևս պատահական չէ նաև, որ Երևանում տեղի ունեցած Եվրասիական շաբաթ միջոցառման շրջանակում քննարկվել է ԵԱՏՄ անդամ երկրների համար թվային արժույթի անցնելու հարցը: Թվային արժույթի ստեղծումը այս պահին դեռ մնում է բարի ցանկություն, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անելուց առաջ անդամ պետությունները նաև սեփական տնտեսական օգուտները պետք է հաշվարկեն: Մինչ այդ արտաքին առևտուրը ռուբլով կատարելու հարցը դառնում է օրախնդիր: Բայց Պուտինի խորհրդականը շատ հստակ հայտարարել է, որ գազի գնի հաշվարկը ռուբլու անցնելու պարագայում բոլորովին այլ գնագոյացում է ենթադրում: Խոսքն ըստ էության այն մասին է, որ ռուբլու շարունակական արժեզրկման պայմաններում ռուբլով արտահայտված գազի սակագինը ավելի բարձր կլինի, քան այսօրվա սակագինն է: Հիշեցենենք, որ սահմանագլխին Հայաստանը ռուսական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում է 150 դոլար: Ռուբլով վճարելու պարագայում մաթեմատիկական պարզ հաշվարկը՝ 150 դոլարին համարժեք ռուբլի, թերևս կարող է չբավարարել ռուսական կողմին, և նրանք կարող են ավելի բարձր սակագին պահանջել՝ հաշվի առնելով նաև ռուբլու արժեզրկման կանխատեսվող գործակիցը: Ամեն դեպքում, ռուսական գազի գինը՝ 150 դոլարի հաշվարկով հայ-ռուսական միջպետական գազային պայմանագրում ամրագրված է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Թե ինչ կլինի դրանից հետո, բանակցելու հարց է, նաև դժվար կանխատեսելի:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: