«ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝ արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի ջատագովն է դարձել». Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Oct 23, 2018 Comments Off on «ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝ արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի ջատագովն է դարձել». Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Նոր Ընտրական օրենսգրքի երեկ տապալված քվեարկության պատճառների մասին այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը 1in.am-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ գործադիրը որևէ մեղք չունի կատարվածում, և ինքն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանին խորհորդ է տալիս «դանդաղ շտապել»։

Հիշեցնենք, որ երեկ վերջինս ԸՕ-ի քվեարկության տապալման մեջ մասնավորապես մեղադրել էր նաև Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ, եթե ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեկտեմբերյան օրակարգը վերջինս օրակարգ չբերեր, նոր Ընտրական օրենսգիրքը կընդունվեր։

Լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ-ի՝ երեկ հնչեցրած քննադատությունների մեջ արդյո՞ք ռացիոնալության հատիկ չկար, Ալեն Սիմոնյանը ժխտական պատասխան է տվել՝ մասնավորապես նշելով.

«Ես մեղադրում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին աթոռակռվի, աթոռը պահելու համար։ Ի դեպ, Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավարներն ինձ հետ նաև զրույցում խնդրել և փորձել են գոնե մեկ ամիս ավելի իրենց աթոռը պահել»։

Այս պնդման վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից։

Վերջինս մասնավորապես նշեց, որ ինքը չգիտի, թե իրականում ով է աթոռակռիվ տալիս, բայց Հանրապետական կուսակցությունը հաստատ չի տալիս։

«ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝ արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի ջատագովն է դարձել։ Եվ, բացի այդ, շուտով շատ ուշադիր կհետևենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին և կտեսնենք՝ ո՞վ էր տալիս աթոռակռիվ և ո՞վ՝ չէ»,- մեզ հետ զրույցում, ի պատասխան՝ ասաց Էդուարդ Շարազանովը։

Նա հավելեց նաև, որ ժամանակը շատ կարճ ժամանակամիջոցում ցույց կտա, թե ով է տալիս պետության շահի պաշտպանության կռիվ, և ով՝ աթոռակռիվ, և, որ ամեն ինչ պատմությունն ու ժամանակն իրենց տեղն են դնելու՝ հընթացս նաև Ալեն Սիմոնյանին խորհուրդ տալով չշտապել կամ դանդաղ շտապել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: