Այդ նորածին տղաներին ապագա զինվոր համարողները հատկապես են պարտավոր օգնել

Oct 23, 2018 Comments Off on Այդ նորածին տղաներին ապագա զինվոր համարողները հատկապես են պարտավոր օգնել

Քիչ առաջ կարդացի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պարզաբանումը այս հարցի շուրջ: Մոր և մանուկների շահերից բխող հենց այն մոտեցումն էր, ինչի հույսը փայփայում էինք: Իր տեղում գտնվող, ընտիր նախարար, կեցցեք…

Մասիսցի դեռատի մոր և նրա նորածին երկվորյակների պատմությունը ինձ հիշերեց Գի դը Մոպասանի ՙՌոզալի Պրյուդան՚ նովելը:
Ռոզալին մանկասպան մայր է, և նրան դատում են: Հավերժական պատմություն է՝ աղախին է եղել, մի գեղեցիկ երիտասարդ նրան գայթակղել է և ապա ծլկել: Դատարանը, սակայն, այս կրկնվող պատմության մեջ տարօրինակություններ է նկատում՝ Ռոզալիի սենյակում գտնված մանկական հագուստը, խանձարուրները՝ խնամքով կարված ու գործած մեղադրյալի ձեռքով, այսինքն՝ ակնհայտ ապացույցներ, որ նա սպասել է երեխայի ծնվելուն… Ռոզալին համառորեն թաքցնում է երեխայի հոր անունը, սակայն ի վերջո հայտարարում է, որ նա տանտիրոջ զինվորական ազգականն է, որն, ահա, այսպիսի սիրառատ արձակուրդ էր անցկացրել… Ռոզալին արցունքներից խեղդվելով պատմում է, թե ինչպես է ծննդաբերել, հետո ինչպես է խեղդել և ապա այգում թաղել փոքրիկին…
Ֆրանսիական դատարանը փորձում է հասկանալ իր սխալ սիրո համար պատասխան տվող և մեն- մենակ մնացած մորը, երբ իմանում է, որ մանկան ծնունդին քնքշանքով պատրաստված և իր հաշվարկով երեխային պահելու ելք գտած կինը իրեն կորցրել է , քանի որ որոշ ժամանակ անց ծնվել է … երկրորդ բալիկը: Վերապատմելը այնքան էլ ճիշտ չէ՝ արժե կարդալ:
Հիմա դառնալով մասիսցի դեռատի մորը՝ արժե, որ 19-րդ դարի ֆրանսիական դատարանի և հասարակության չափ բարեսրտություն ունենանք , մանավանդ որ նա չի ազատվել, չի սպանել իր փոքրիկներին…
Եվ եթե 19-րդ դարի Ֆրանսիայում այդ կնոջն արդարացրել են, մենք կարող ենք փրկել այդ մորն ու իր զույգ բալիկներին՝ պահանջելով պետական հոգածություն: Ակնկալելով նաև նրանց օգնելու՝ հասարակության բարի կամքը:
Չէի ուզենա դա շեշտել, բայց ասեմ՝ այդ նորածին տղաներին ապագա զինվոր համարողները հատկապես են պարտավոր օգնել:
Չէի ուզենա, որովհետև նույնկերպ պարտավոր կլինեին օգնել նաև, եթե նորածինները աղջիկ լինեին:
Եվ արդեն կարևոր չի լինի քննարկել, թե ովքեր են մեղավոր՝ իքս տղամարդը, մերձավորները, հասարակությունը, ավանդույթները, հոգեբանական և սոցիալական վիճակը… Կարևոր կլինի այն, թե ովքեր կփրկեն մի մոլորված ջահել մայրիկի, որ նա որբության չդատապարտի իր երկու բալիկներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: