Փետրվարի 31-ին ընդառաջ

Oct 23, 2018 Comments Off on Փետրվարի 31-ին ընդառաջ

Մեր երկրում իրավիճակ է փոխվել:

Նախկինում փետրվար ամիսն ուներ 28 օր և երբեմն ձգում էր մինչև 29-ի: Հեղափոխությունից հետո փետրվարն արդեն 31-օրանի է: Հարցրեք «սրտակեր» ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, կասի:

Նախկինում երբ թիվ մեկ իշխանավորը մեկնում էր արտասահման, չէինք իմանում, թե ինչո՞ւ է գնացել, ի՞նչ արդյունքներ է արձանագրել այդ մեկնումը, ո՞ւմ հետ է գնացել և ինչքա՞ն է դա նստել հարկատուներիս վրա: Հիմա էլ չենք իմանում, բայց փոխարենը հիանում ենք «սելֆիներով»:

Նախկինում Երևանը չգիտեմինչական էր, բայց հիմա հայկական է: Դերասան Հայկոն է այդպես կարծում:

Նախկինում Հունանը Պողոսյան էր (դրանից առաջ՝ Ավետիսյան), իսկ հիմա՝ Պողոս առաքյալի հետնորդ: Ի դեպ, եթե կրոնական բառապաշարը պետք է քաղաքական կյանքի բաղկացուցիչ մաս կազմեր, ապա ինչո՞ւ հեռացվեց Վլադիմիր Գասպարյանը: Նա հա՛մ լավ աղոթում էր, հա՛մ լավ ցույց ցրում: Երկուսը մեկում էր: Իսկ «Նոր Հայաստանում», ինչպես հայտնի է, քաղաքական ռասիզմ չկա:

Նախկինում Լֆիկը «Դուխով» օղիներ չուներ, իսկ այսօր «դուխ» չունի, որ «Դուխով» օղի չարտադրի ու չդառնա «դեկտեմբերիկ»:

Առաջ բարիկադների տարբեր կողմերում էինք, հիմա էլ: Պարզապես կազմն է փոխվել ու ամեն ինչ «ափաշքյարա» է:

Նախկինում Սյունիքը Լիսկայի բդեշխությունն էր, իսկ այսօր՝ նարկոբարոնների նստավայր:

Նախկինում 50/50 էր, իսկ հիմա՝ 0/100:

Առաջ ԿԳԲ էր, իսկ հիմա՝ ԱԱԾ –Ծը-Ծը-Ծը-Ծը-Ց…

Հեղափոխությունից առաջ կուտակայինը պարտադիր էր, իսկ հիմա պարտադիրն է կուտակային:

Առաջ քարոզվում էր, որ Սերժը լավն է, բայց կողքիններն են վատը: Հիմա քարոզվում է, որ կողքինները լավն են եղել (միգուցե վաղը պարզվի, որ Սերժն էլ էնպես ոչինչ):

Նախկինում «ընդդիմադիր» հաճախորդներ էին, իսկ հիմա՝ «քաջալերված հպարտ պատգամավորներ»:

Նախկինում առնետավազք էր, իսկ հիմա՝ շնաքայլ կամ մողեսասող:

Նախկինում «օլիգարխը» օլիգարխ էր, իսկ այսօր նա խոշոր սեփականատեր է, ում մոտ թղթերով ամեն ինչ կարգին է: Բոլոր «օլիգարխներին» այդպիսին չլինելու լիցենզիա է տրամադրվել:

Առաջ Օսիպյանը «սև» էր հռչակված, իսկ հիմա նա «սևերին» է ծեփում (այդպես է հրահանգված):

Նախկինում նույն տարածքում պարբերաբար ասֆալտ էին փռում, որ ընտրաձայներ հավաքեին: Հիմա ձայները հավաքում են ասֆալտին փռելով:

Նախկինում իշխանությունները ժողովրդին առաջարկում էին կյանքին նայել վարդագույն ակնոցներով, իսկ այսօր իշխանությունները «վարդագույն» կյանք են քարոզում՝ առանց ակնոցների հետևում թաքնվելու:

Նախկինում թրաշված էին, իսկ հիմա՝ ոչ այնքան:

Նախկինում Սերժը մերժված չէր, հիմա էլ:

Երկրում իրավիճակ է փոխվել:

Գըմփ-գըմփ-հո՛ւ:

7or.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: