ՀՅԴ-ում էլի դեմ ըլլալով՝կողմ են

Oct 23, 2018 Comments Off on ՀՅԴ-ում էլի դեմ ըլլալով՝կողմ են

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը, որի ընթացքում քննարկվել է առաջիկա ՀՅԴ Ընդհանուր ժողովի օրակարգը, ընտրվել են պատվիրակներ, որոնք կմասնակցեն նոյեմբերին սպասվելիք Ընդհանուր ժողովին, որը, հիշեցնենք, որոշելու է առաջիկա շրջանում կուսակցության մարտավարությունը եւ ընտրելու է ՀՅԴ բյուրոյի նոր կազմ։ ՀՅԴ բյուրոն աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, որի ներկայացուցիչն է համարվում կուսակցության ղեկավարը։

Կուսակցության վերջին ժողովը 3 տարի առաջ էր, որտեղ ընտրվեցին Հրանտ Մարգարյանը՝ բյուրոյի ներկայացուցիչ, իսկ Արմեն Ռուստամյանը՝ քաղաքական ներկայացուցիչ։ Գերագույն մարմնի՝ հայաստանյան կառույցի ղեկավար կազմն էլ ընտրվել է այս տարվա մարտին։ ԳՄ արտահերթ ժողովը երեկ հայտարարություն տարածեց։ «Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասված է հայտարարության մեջ։ Ուշագրավ է, որ ՀՅԴ-ում «դեմ ըլլալով» ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշմանը՝ կողմ են այդ ընտրություններին մասնակցելուն։ Այսինքն՝ հերթական «սկզբունքային» որոշումն է այստեղ կայացվել, կարեւորը, որ ԳՄ ժողովն արձանագրել է, որ «անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, մտահոգություն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա»:

ՀՅԴ-ն, փաստորեն, 5 ամիս հեղափոխությունից անց որոշեց, որ հանդես կգա որպես ընդդիմադիր ուժ։ Թերեւս հետեւություններ արեցին Երեւանի ավագանու ընտրություններից, որտեղ ամոթալի արդյունքներ գրանցեցին, ապա զրկվեցին կառավարությունում ունեցած պորտֆելներից։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեզ հայտնեց, որ նոյեմբերին պարտադիր կկայանա Ընդհանուր ժողովը, քանի որ ՀՅԴ-ում ժողովների հետ կապված հատուկ ընթացակարգեր կան, եւ իրենք չեն կարող խախտել, բայց դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ երբ կլինի։ «Ընդհանուր ժողովն անխուսափելիորեն լինելու է նոյեմբերին, հատուկ ընթացակարգերից մենք ինչպե՞ս կարող ենք հրաժարվել, բայց չեմ կարող ասել, թե երբ կլինի»,- ասաց նա։ Սակայն մեզ ասացին, որ եթե հայտարարվի ընտրությունների մեկնարկը, ապա քիչ հավանական է, որ նախընտրական փուլում Ընդհանուր ժողով հրավիրվի, որը սովորաբար մոտ մեկ շաբաթ է տեւում։ Բանն այն է, որ Բյուրոն պետք է հաստատի նաեւ ԳՄ ընդունած որոշումը։

Ավանդաբար, սփյուռքի Դաշնակցությունն ավելի արմատական դիրքորոշում է ունենում եւ հիմա էլ, ըստ լուրերի, գոհ չէ ՀՅԴ հայաստանյան կառույցի՝ Գործադիր մարմնի գործելաոճից՝ հեղափոխության օրերից սկսած եւ հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված։ Եվ վերջին շրջանում մամուլում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրությունների մասին խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել։ Կլինի՞ բյուրոյի կազմի կտրուկ փոփոխություն, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, թե հարցը բացառապես ժողովի իրավասության տիրույթում է․ «Իսկ ես կանխատեսումներ չեմ անի։ Միայն կարող եմ ասել, որ Դաշնակցության բոլոր ղեկավար կազմերն էլ մշտապես որոշ չափով փոփոխություններ կրել են»։ Իսկ ՀՅԴ-ում է՞լ են ընտրական ցուցակներն արմատական փոփոխությունների ենթարկելու՝ երիտասարդ, թարմ ուժերով համալրելու, եւ այլեւս չենք տեսնելու նախկին գումարման «հին ընկերներին»։ Արսեն Համբարձումյանը հորդորեց սպասել ու իրենց ցուցակներից միայն հետեւություններ անել։
hraparak.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: