Հայկ Կոնջորյանը՝ վարչապետ առաջադրելու մասին արդեն վերջնական որոշման ժամկետների մասին

Oct 23, 2018 Comments Off on Հայկ Կոնջորյանը՝ վարչապետ առաջադրելու մասին արդեն վերջնական որոշման ժամկետների մասին
Չի բացառվում, որ վարչապետի՝ վաղը կայանալիք ընտրություններին «Ելք»-ը թեկնածու առաջադրի, որպեսզի սահմանադրությամբ պահանջվող քվեարկության հարցը լուծվի և վարչապետ առաջին փուլում չընտրվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում արդեն վերջնական որոշում կունենանք առաջադրման մասին», – ասաց նա։
Խոսելով երեկ ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունման և Հանրապետականի դեմ քվեարկության մասին՝ Կոնջորյանը նկատեց, որ հին խաղի կանոններով հնարավոր չէ նոր Հայաստան կառուցել և հին գործիքները օգտագործել քաղաքական կապրիզի ու ինչ-ինչ շահեր քաղելու կոնտեքստում։
«Կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի ևս մեկ անգամ քննարկելու և ընդունելու Ընտրական օրենսգիրքը, միանշանակ պետք է օգտվել այդ հնարավորությունից», – նկատեց Կոնջորյանը։
Դիտարկմանը, թե արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը Հանրապետականներին ավելի ձեռնտու է և արդյոք նոր Ազգային ժողովում տեսնում է նրանց որպես ընդդիմադիր գործընկեր, Կոնջորյանն ասաց.
«Նախ Հանրապետականները խնդիր ունեն վերաիմաստավորելու իրենք իրենց և իրենց անցած քաղաքական ճանապարհը ու Հայաստանի քաղաքականության մասին իրենց պատկերացումները։ Ես տեսնում եմ, որ այս փոփոխություններից հետո չնայած, որ Հանրապետականը պիտի դասեր քաղեր, բայց ինչպես հայտնի ասույթն է ասում, առաջ են շարժվել՝ «պատմության միակ դասն այն է, որ նրանից ոչ ոք դաս չի քաղում» սկզբունքով, իրենց գործունեությամբ իրավիճակն ավելի լարելով, իրենց նկատմամբ հանրության կշտամաբանքն ավելի մեծացնելով, ու նման պարագայում ես երբեմն մտածում եմ՝ ինչպե՞ս պետք է Հանրապետականը քարոզարշավ անի, եթե մասնակցի ընտրություններին»։
Պատգամավորն ընդգծեց, որ բոլոր քաղաքական ուժերը այդ թվում՝ Հանրապետականը պետք է մի պահ կանգ առնի ու մտածի արդյոք այն մեթոդաբանությունը, որը կիրառում է իրեն վերջնական դուրս չի մղելու քաղաքական դաշտից։
«Հիմա նրանք որոշակի հնարավորություն ունեն որոշ ժամանակից հետո վերաիմաստավորվել, վերադառնալ և շահել հանրության վստահությունը, որովհետև յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք, բայց արդյոք այդ կամքն ու ուժը կկարողնան իրենց մեջ գտնել, ես չգիտեմ։ Համենայն դեպս, վերջին շրջանի նրանց գործողությունները հուսադրող չեն այդ իմաստով»։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: