Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում. զանգ անծանոթ համարից՝ կանացի ձայն…

Oct 23, 2018 Comments Off on Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում. զանգ անծանոթ համարից՝ կանացի ձայն…

Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում։

9։46։ Զանգ 011544032 անծանոթ համարից։ Կանացի ձայն.

– Բարև Ձեզ
– Բարև Ձեզ
– «Հաշտարարության Ազգային Մարմին» ՍՊԸ-ից է, չէ՞։
– Ոչ, սխալվել եք։
– Ինչպես թե։ Հարկային տեսչությունից է։ Ձեր համարն է նշված։
– Ուրեմն սխալմունք է։
– Ներողություն
– Հաջողություն։

9։53։ Զանգ 011544032 նույն, արդեն ծանոթ համարից։ Կանացի ձայն.

– Բարև Ձեզ
– Բարև Ձեզ, բայց մենք քիչ առաջ չենք զրուցե՞լ ինչ-որ ազգային մարմնի հարցով։
– Ոչ, մեր հեռախոսը կոմուտատորային է, տարբեր աշխատողներ են օգտվում։
– Շատ լավ։ Ուրեմն լսում եմ Ձեզ։
– «Գազի սպասարկման ծառայությունների միավորում» ՍՊԸ-ից է, չէ՞։
– Ոչ, հարգելիս, սխալվել եք արդեն երկրորդ անգամ։ Ես այդ ՍՊԸ-ի գոյության մասին Ձեզնից եմ իմանում։
– Ինչպես թե։ Հարկային…
– Գիտեմ որտեղից եք։ Գիտեմ, որ իմ համարն է նշված։ Բայց ազնիվ պիոներական՝ ես այդ կոմպանիայի հետ ոչ մի կապ չունեմ։
– Ուրեմն սխալմունք է երևի։
– Իհարկե սխալմունք է։ Խնդրում եմ ստուգել Ձեր տվյալների բազան։
– Ներողություն։
– Հաջողություն։

10։14։ Զանգ 011544031, անծանոթ, բայց կասկածելիորեն մեկ այլ համար հիշեցնող համարից։ Տղամարդու ձայն.

– Բարև Ձեզ
– Ողջունում եմ հայրենի Հարկային տեսչությանը!
– [կարճ պաուզայից հետո] «Արայիկ» ՍՊԸ-ի տնօրենի հե՞տ եմ խոսում։
– Ոչ։ Ավելին, ես ոչ մի առնչություն չունեմ ոչ «Գազի սպասարկման ծառայությունների միավորում», ոչ էլ «ինչ-որ ազգային մարմին» ՍՊԸ-ների կամ որևէ այլ ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի կամ որևէ այլ առևտրային կազմակերպության հետ։
– [նորից պաուզայից հետո] Բայց մեր բազայում ախր Ձեր…
– Անկեղծորեն հավատում եմ, որ իմ համարն է նշված։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա սխալմունք է։ Խնդրում եմ քննարկել Ձեր ցանցային մասնագետի հետ։
– [ավելի երկար պաուզայից հետո. լսվում է ստեղնաշարի տկտկոց] Գիտե՞ք, Ձեր հեռախոսահամարը նշված է նաև Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տակ։
– Չեմ զարմանում։
– Ներողություն, կստուգենք։
– Հաջողություն։

Էպիլոգ։ (1) Վարչապետը վստահաբար սխալվում էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ (2) Ընտրական օրենսգրքի տապալման հետ, ազնիվ խոսք, ոչ մի կապ չունեմ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: