ԵԱՏՄ անդամության դրական կողմերը տեսանելի չեն. միակ հույսը Իրանի հետ նախագիծն է

Oct 25, 2018 Comments Off on ԵԱՏՄ անդամության դրական կողմերը տեսանելի չեն. միակ հույսը Իրանի հետ նախագիծն է

Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի   ընթացքում ունեցած ելույթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: «Ակնհայտ է, որ դրանք ձևավորվում են նաև՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներուժը: Ես կարծում եմ, որ այս համաժողովը լավ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ամփոփելու համար՝ հատկապես Միության խորհրդի նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախաշեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումները, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում»,- ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ պետք է գործուն քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտներ վերացնելու ուղղությամբ:Այս համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հատուկ ընդգծել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ որպես Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումն ըստ Փաշինյանի լրացուցիչ խթան են հանդիսանում առևտրական և տնտեսական կապերի զարգացման համար: «Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հուսալի տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման համար»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորում է, որպեսզի Միությունը շարունակի ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցություններն այն երկրների հետ, որոնք տրամադրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպես են զարգացնելու Եվրասիական տնտեսական միության տնտեսական օրակարգը:  ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները թվային օրակարգ են ձևավորվել, որտեղ նախանշված  33 նախաձեռնությունները դեռևս իրականություն չեն դարձել: Տիգրան Սարգսյաը համաձայնվել է,որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգը պետք է արագ և արդյունավետ իրականացնել, որովհետև բիզնեսի սպասումները շատ մեծ են. «Մենք այսօր արդեն բիզնեսի կողմից քննադատություն ենք ստանում նրա համար, որ դանդաղ ենք իրականացնում մեր թվային պարտավորությունները: Մասնավորապես, մենք ընդունել ենք Հարկային օրենսգիրք, որում ֆիքսված են թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ առաջնային մեխանիզմները և բիզնեսը հիմա պահանջում է, որ այդ տեխնոլոգիաները ներդրվեն:  Մասնավորապես, էլեկտրոնային եղանակով հեռակա հայտարարագրման մեխանիզմը կտրուկ կբարձրացնի բիզնեսի աշխատանքը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, և բիզնեսը դժգոհում է, որ մեր երկրների գործադիր իշխանությունները ձգձգում են այս մեխանիզմի իմպլեմենտացումը»,- հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ  տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը :

Ընդհանուր առմամբ այս պահին ԵԱՏՄ անդամության արդյունքները գոնե Հայաստանի համար տեսանելի չեն: ԵԱՏՄ շրջանակում Իրանի հետ առևտրային նախագծերի իրականացումը, եթե դրանք խոսքից գործի վերածվեն, կարող են Հայաստանի տնեսության համար դոպինգի էֆեկտ ունենալ: Իրանական խոշոր շուկան տարբեր ապրանքների գծով մեծ պահանջարկ և առաջարկ ունի և Հայաստանը, որպես կապող օղակ և տրանզիտ երկիր, կարող է ԵԱՏՄ անդամ երկների համար  իրացման վայր դառնալ՝ ի դեմս Մեղրու ազատ տնտեսական գոտու: Բայց սա, իհարկե, տեսականորեն, որովհետև գործնականում լուրջ խնդիր է ԵԱՏՄ անադամ երկներից ապրանքների տեղափոխումը Հայաստան: Միակ ցամաքային ճանապարհը շարունակում է մնալ Վրաստանը, որտեղ բեռնափոխադրումների հետ կապված մշտական չլուծված խնդիրներ կան:

 Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: