Կապանը՝ Փաշինյանի հաղթանակ

Oct 23, 2018 Comments Off on Կապանը՝ Փաշինյանի հաղթանակ

Հոկտեմբերի 21-ին Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններ էին: Երեք օր առաջ Կապանում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Փաշինյանի թիմի ներկայացուցիչը պարտվել է: Կապան քաղաքի ընտրատեղամասերի տվյալներով առաջատար թեկնածուն ձայների հաշվարկով անկուսակցական Գևորգ Փարսյանն է։ Գևորգ Փարսյանի տեղեկացմամբ՝ Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե:

Հիշեցնենք, որ առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականներ՝ Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:

Իհարկե, Փաշինյանի թիմը սա ներկայացնելու է որպես ժողովրդավարության հաղթանակ, այն առումով, որ ընտրությունները չեն կեղծվել, դրանք արդար են եղել, այսինքն, Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ անգամ Փաշինյանի թիմակիցը կարող է պարտվել: Այո՛, դա այդպես է՝ ազատ ընտրություններ անցկացնելն, ինքնին դրական փաստ է Հայաստանի զարգացման համար:

Երեկվանից սոցիալական ցանցերում, որոշ կայքերում մեկնաբանություններ են շրջանառվում, թե Փաշինյանը պարտվել է Կապանում: Փաշինյանի պաշտպանած թեկնածուն, այո՛, փաստացի պարտվել է՝ չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Փաշինյանը հանրահավաք էր անցկացրել Կապանում և կոչ արել քվեարկել ՔՊ-ի թեկնածուին:

Բայց կա մի շատ ավելի կարևոր հանգամանք: Սյունիքի մարզը ինչ-որ առումով միշտ «մարմնավորվել» է իշխանական վերնախավի ներկայացուցիչների հաստատած կարգերը՝ բոլոր բացասական երևույթներով հանդերձ:

Թվում էր, որ երբեք  Սյունիքի մարզի որևէ քաղաքում չի կարող չհաղթել իշխանական թեկնածուն: Մինչդեռ ՔՊ-ի թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, ստացել է 8076, թերևս, դրա պատճառն այն է, որ նա ընդամենը Փաշինյանի թիմի աջակցությունն է վայել: Ըստ կապանցիների՝ ՔՊ-ական Նարեկ Բաբայանի հաղթելու շանսերը թույլ են եղել ի սկզբանե, իսկ հաղթանակ տարած Գևորգ Փարսյանը վայելել է կապանցիների համակրանքը և նրա հաղթանակն ամենևին էլ անակնկալ չէ կապանցիների համար:

Այսինքն, հանուն արդարության պետք է արձանագրել Կապանում քվեարկության արդյունքը ազդակ է այն մասին, որ Կապանում չի գործել ուժը, տեղի է ունեցել ազատ ընտրություն, և նույնիսկ  Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հինգ ամիս անց կապանցիներն ազատորեն ձայն են տվել իրենց նախընտրած անկուսակցական թեկնածուին:

Անկախ ամեն ինչից, թե ինչպես իրեն կդրսևորի Փաշինյանի կառավարությունն ապագայում, Սյունիքի մարզում և այլուր, Հայաստանի զարգացման տեսանկյունից Կապանի ընտրությունները լուրջ հիմք են արձանագրելու, որ Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելու ինստիտուտն է կայանում, ինչը չափազանց կարևոր ու անհրաժեշտ էր Հայաստանին:

Այս տեսանկյունից՝ Կապանի քվեարկության արդյունքները Փաշինյանի հաղթանակ կարելի է համարել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: