Ծառուկյանը ՝ «կամիկաձեների», թե կամակատարների հույսին

Oct 23, 2018 Comments Off on Ծառուկյանը ՝ «կամիկաձեների», թե կամակատարների հույսին

Ռուբեն Գևորգյանը պատգամավոր չի լինելու, և նրա անունը չի լինելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակում։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Պարոն Գևորգյանը դեպուտատ չի լինելու, ասեմ իմանաք, ինքը նվիրյալ է, ինքը դրանով ապրում ա, նա իր կյանքով, գործով ապացուցել է, բոլորն էլ գիտեն։ Ես իմ «Բարգավաճի» ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ, ամեն ինչ կտեսնեք»,- ասել է նա։

Հարցին` արդյոք գործարարներ լինելու են ցուցակում, Ծառուկյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր։ «Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել»: Ծառուկյանը ըստ էության գաղտնազերծեց, թե ինչ տեսք է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ցուցակը։ Թեպետ վերջին ամիսներին՝ թավշյա հեղափոխությունից հետո Ծառուկյանի գործողություններից, քայլերից ու հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, որ ԲՀԿ-ում եւս նոր իրավիճակ է եւ նախկին ավանդույթներն այլեւս կենսունակ գործոն չեն լինելու։

Առհասաևակ, հետհեղափոխական էյֆորիան այն աստիճանի վրա է, որ ինչպես օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ախտորոշել՝ որեւէ բանական խոսք, տեսակետ, հնարավոր չէ տեղ հասցնել։ Այսինքն ընտրություններին գաղափարական պայքարը իսպառ բացառվում է։ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ կենսունակ չեն նաեւ միլիոնավոր ներդրումների մասին խոստումները, հետեւաբար այլ ելք չի մնում, քան ընտրացուցակը ձեւավորել նոր իրողություններին համարժեք։ Իսկ դա նշանակում է կազմել ցուցակ, որը ծայրից ծայր կլինի Նիկոլ Փաշինյանի ճաշակով եւ նրա հավանությանն արժանացած։ Որքան էլ լինեն պնդումներ, թե դեկտեմբերի ընտրություններն անցնելու են ոչ հին ու բարի մեթոդներով, իրականությունը բոլորովին այլ բան է լինելու եւ այդ իրականությունը երեւան ելավ ավագանու արտահերթ ընտրություններին՝ չմաքրված ընտրացուցակներ, զինվորականների քվեարկություն, այսպես կոչված՝ իններորդ ձեւի անձնագրերով քվեարկություն եւ այլ սողանցքներ, որոնց կիրառումը կարող է որոշիչ դառնալ ընտրությունների արդյուքների վրա։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի հայեցողությամբ է որոշվելու ընտրություններին մասնակցող ուժերի ճակատագրերը՝ ովքեր կանցնեն, ովքեր դուրս կմնան։

Այս առումով մի կողմից Ծառուկյանի որոշումը՝ բոլորովին նոր ցուցակ ունենալու մասին, ստեղծված իրավիճակում միակ խելամիտ որոշումն է, որը, ըստ ամենայնի, ենթադրելու է կամակատարների հավաքածու, որոնք ղեկավարվելու են ոչ միայն Ծառուկյանի, այլեւ Փաշինյանի կողմից եւ ֆորս-մաժորային իրավիճակներ չեն ստեղծելու խորհրդարանում։ Սակայն մյուս կողմից էյֆորիկ այս մթնոլորտը ինչ-որ պահի նահանջելու է, քծնանքի ու հաճոյանալու շքերթն ավարտվելու է ու գալու է քաղաքական նոր իրավիճակ, որտեղ միգուցե քաղաքական կամիկաձեների կարիք առաջանա։ Այս առումով Ծառուկյանը կհայտնվի բարդ իրավիճակում։ Եւ ուրեմն, կամ պետք է նա այս ընտրություններին կտրուկ մարտավարական փոփոխության գնա՝ ասել կուզի՝ ընդդիմանա գործող իշխանությանը եւ համապատասխան կամիկաձեների ցուցակով ներկայանա, ինչը խիստ կասկածելի է, կամ էլ գնա դանդաղ ինքնասպանության ճանապարհով։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: