Հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո. Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին

Oct 20, 2018 Comments Off on Հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո. Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին

Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Նա  կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում:

«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի արվեստի գործչի մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:

Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գյուլերի դին դրվել է քաղաքի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում, ուր նախօրեին տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը:

Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմություն է գրել»:

tert.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: