Ինչ ուղերձ է հնչում Վենետիկից

Oct 23, 2018 Comments Off on Ինչ ուղերձ է հնչում Վենետիկից

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում այսօր քննարկվել է Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի արդյունքների, այսինքն՝ միջազգային կառույցի գնահատականի վերաբերյալ կողմերը հակասական տեղեկատվություն են տարածում: <<Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին>>, նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Հետաքրքրական է, որ Վենետիկի հանձնաժողովի նիստին մասնակցել է նախորդ իշխանության սիմվոլ, գործող Սահմանադրության կնքահայր Գագիկ Հարությունյանը, որն իր ելույթով էստ ամենայնի հիմնավորել է հապշտապ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը: <<Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Այնուհետև պարոն Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է: Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը>> տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից:
Սակայն իշխանության <<ուռա>>-ներին հաջորդեց նախորդ իշխանությունների պատասխանը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հորդորեց չխեղաթյուրել միջազգային կառույցի դիրքորոշումը, քանզի Վենետիկը եզրակացություն չի տվել ընտրական փաթեթին.<<Եվ այսպես, հարգելի գործընկերներ • Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ • Հանձնաժողովը կարող է «աչք փակել» իր այս առաջարկության վրա միայն մեկ դեպքում, եթե այս հարցի շուրջ առկա է բոլոր քաղաքական ուժերի կոնսենսունսը։ Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նախագծով առաջարկվող ընտրակարգին չվերաբերող որոշ ընթացակարգային կարգավորումներ։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ>>։ Հիմա մնում է հասկանալ՝ կա քաղաքական ուժերի կոնսենսուս, թե ոչ:Սա էլ մոտեցման խնդիր է: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում, որտեղ ընդունվել է ԸՕ փոփոխությունների նախագիծը ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտել են, գուցե Արփինե Հովհաննիսյանը սա է ակնարկում քաղաքական ուժերի կոնսենսուս ասելով, սակայն մյուս կողմում քաղաքական դաշտի բազմաթիվ խաղացողներ են, որոնք կողմ են այդ փոփոխություններին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: