Պուտինի նոր պատժամիջոցներն ու Հայաստանի հակվածությունը դեպի Մոսկվա

Oct 20, 2018 Comments Off on Պուտինի նոր պատժամիջոցներն ու Հայաստանի հակվածությունը դեպի Մոսկվա

Եվրոպական Միության ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ են արել Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին:

Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ ներկայացրել են տեղեկություններ, որոնց համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր վարչության՝ ГРУ-ի գործակալներն, այս տարվա ապրիլին փորձել են կոտրել Հաագայում տեղակայված քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կայքէջը:

Եվրամիության նախաձեռնության մասին տեղեկությունը հրապարակվել է անդամ պետությունների ղեկավարներից կազմված Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում: Եվրամիությունը նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ հաքերային գրոհներին հակազդելու և դրանք արդյունավետ եղանակով կանխելու համար: Առաջարկը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան և Ռումինիան: «Ազատության» թղթակից Ռիկարդ Ջոզվյակի փոխանցմամբ, այդ առաջարկն անմիջապես ուժի մեջ չի մտնում:

Առաջիկա շաբաթներին և ամիսներին Եվրամիության երկրները դեռ պետք է մշակեն օրինագիծը և կազմեն իրավական պարզաբանումներ պարունակող դրա վերջնական տարբերակը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործընկերներին կոչ է անում այս հարցում միասնական լինել և համատեղ քայլերով պատասխանել հաքերային հարձակումներին՝ նշելով, որ այլապես մեծ վտանգներ են սպառնում Եվրամիության տնտեսությանը և դեմոկրատիային: «Անհրաժեշտ է սահմանափակող որոշումներով, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցներով արձագանքել և պատժել կիբեր-գրոհայիններին», – ասում է Բրիտանիայի վարչապետը:

Նախագծով առաջարկվում է սառեցնել հաքերային գրոհների համար պատասխանատվություն կրող մարդկանց հաշվեհամարները և արգելել նրանց մուտքը Եվրամիության տարածք:

Այդ նախաձեռնությունը Եվրամիության անդամ երկրները ներկայացնում են մի ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է լուրջ ճգնաժամ, որն ի հայտ է եկել ռուսներին վերագրվող հաքերային գրոհների և ընտրություններին միջամտելու հետևանքով:

Միաժամանակ արևմտյան փորձագետներն արձանագրում են, որ հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է ԱՄՆ-ի թուլության պատճառով: The Hill կայքի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվորեն համագործակցեն համաշխարհային հանրության հետ, քանի դեռ ռուսերենը չի դարձել գերիշխող և փոխարինել անգլերենին առևտրի ոլորտում: Հոդվածագրի կարծիքով՝ ԱՄՆ-ի ցածր ազդեցության պատճառով հետխորհրդային երկրները ավելի հաճախ են դիմում Կրեմլին։

Օրինակ՝ Սիրիայում Ռուսաստանի հաջողությունը հանգեցրեց նրան, որ այժմ Թուրքիան գնում է ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր: Չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին՝ Հնդկաստանը նույնպես պատրաստ է 5 մլրդ դոլարով ձեռք բերել ռուսական սպառազինության համակարգեր:

Հոդվածագիրը նաև նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հույս կար, որ այդ երկիրը պատրաստ է շրջվել դեպի ժողովրդավարական Արևմուտքը, սակայն Հայաստանի հակվածությունը դեպի Ռուսաստան դեռևս շարունակվում է։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը վստահեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական-գործընկերային բնույթ են կրում։

Չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա խնդիրներին՝ երկու երկրների պաշտոնյաները պարբերաբար բանակցություններ են վարում և վերականգնում տնտեսական կապերը: Բացի այդ, Մոլդովան նույնպես փորձում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և նախագահ Իգոր Դոդոնը կողմ է Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների ամրապնդմանը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: