Փաշինյանը հասկացել է, որ մնացել է Ծառուկյանի հույսին

Oct 20, 2018 Comments Off on Փաշինյանը հասկացել է, որ մնացել է Ծառուկյանի հույսին

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ներկա է գտնվել Հայաստանում  բիթքոինի մայնինգի խոշոր կենտրոնի բացմանը, որը հիմնադրվել է Ծառուկյանի ներդրումներով: Այս կենտրոնն իր տեսակի մեջ եզակի կառույց է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:

Կենտրոնի բացումից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, Հայաստանում օլիգարխներ չկան: Հեղափոխության առաջնորդը նման բան ասել է այն ժամանակ, երբ նրան հիշեցրել են, թե ինքը ժամանակին հայտարարում էր, որ օլիգարխները տեղ չեն ունենալու Ազգային ժողովում և քաղաքականության մեջ. «Ես նաև ասել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխ չկա»,- ասել է Փաշինյանը: Պետք է նկատել, որ սա հերթական լուրջ և կտրուկ  շրջադարձն է, որովհետև ընդամնեը 1 ամիս առաջ Երևանի  աավագանու ընտրությունների ժամանակ նույն Փաշինյանը հայտարարել էր, թե օլիգարխներին ինքնադատաստանի կենթարկեն, եթե վարչապետի հետ մի բան պատահի։ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասել էր.  «Նրանք չեն կարող չհասկանալ որ ճիշտ է, ես ապահովում եմ իրենց դեպի բանտ գնալը, ես նաև իրենց անվտանգության միակ երաշխավորն եմ, որովհետև եթե ինձ հետ բան պատահի, նրանց ավելի վատ բան կպատահի ժողովրդի կատարմամբ», — ասել է նա ու հավելել, որ ցանկացած թիկնազորի հաղթահարել  հնարավոր է, ու դրա իրական երաշխավորը ժողովուրդն է։

Հիմա փաստորեն Փաշինյանն ասում է, որ Հայաստանում օլգրախներ չկան: Ստացվում է, որ մեկ ամիս առաջ կային, հիմա չկան: Տեսականորեն Հայաստանում չկա նաև ստվեր, չկա կոռուպցիա, որովհետև այդ մասին ևս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իրականում սակայն եթե չկա ոչ օլիգարխ, ոչ ստվեր, ոչ կոռուպցիա, ինչո՞ւ չկա տնտեսական թռիչք, չկա կրճատված ստվերի արտացոլումը պետական բյուջեում: Քաղաքականությունից օլիգարխներին հեռացնելու հարցը հասունացած անհրաժեշտություն է, բայց տնտեսության մեջ օլիգարխները միակ ներդրում կատարողներն են. սա փաստ է: Փաստ է նաև, որ հեղափոխությունը Հայաստանին չբերեց սպասված ներդրումային բումը, արտաքին ներդրողները չեն շտապում գալ Հայաստանում, խոշոր պետություններից ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրոպական երկներն ու ԱՄՆ-ն առայժմ ֆինանսական լուրջ աջակցություն չեն հատկացրել հեղափոխական Հայաստանին, ավելին՝ չկա որևէ նախադրյալ, որ այդպիսի  մտադրություն որևէ մեկն ունի: Նման պայմաններում, եթե իշխանությունը, կոնկերտ Նիկոլ Փաշինյանը ստիպված է փոխել իր վերաբերմունքը օլիգարխների նկատմամբ, որովհետև նրանք մարդիկ են, ովքեր ներդրում են կատարում, ստեղծում են աշխատատեղեր, հարկեր են վճարում, նպաստում են տնտեսության  զարգացմանը և ՀՆԱ-ի աճին: Եթե պետության ղեկավարը նրանց հետ անընդհատ խոսի «ասֆալտին պառկացնելու», «պատերին խփելու» լեզվով, ապա նրանք, բնականաբար, ոչ միայն ներդրումներ չեն անի, այլ կմտածեն բիզնեսը Հայաստանից հանելու մասին, իսկ դա ոչ մի լավ բանի չի կարող բերել: Ներդրումների համար միջավայարը ամենակարևոր պայմանն է. որևէ օտարերկրյա ներդնող Հայաստանում ներդրում չի անելու, այնքան ժամանակ  քանի դեռ տեսնում կամ լսում է, որ Հայաստանում տեղացի ներդնողների «փռում են ասֆալտին»: Բիզնեսով զբաղվողը շատ լավ հասկանում է, որ դա  ճակատագիր է, որ սպառնալու է նաև իրեն, եթե որոշեն գործ դնել Հայաստանում: Այս տեսանկյունից համեմատությունը հարևան Վրաստանի հետ, որ հաճախ արվում է, տեղին չէ, որովհետև Վրաստանի իշխանությունը հեղափոխությունից անմիջապես հետո շատ լուրջ  արտաքին ֆինանսական աջակցություն ստացավ, մի բան, որ տեղի չունեցավ հայկական  թավշյա հեղափոխությունից հետո:  Փաշինյանի եռանդուն ջանքերը, թե Կրեմլի հետ ինքը որևէ հակասություն չունի, առայժմ որևէ նյութական արժեքի չի վերեծվել. Ռուսաստանը չի աջակցում Հայաստանում  ներդրումային ծրագրերի իրագործմանը, հակառակը, եղած ծրագրերը սառեցվում են: Իսկ եվրոպական և ամերիկյան կենտրոնները առանց քաղաքական շահերի նման աջակցություն չեն ցուցաբերում: Թերևս  Փաշինյանը հասկացել է, որ այլ  ճանապարհ չկա՝ ուզած չուզած մնալու է Ծառուկյանի ու մյուս օլիգարխների հույսին:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: