Պետք է պարզել ձայնագրողի շահագրգռվածությունը. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը՝ ձայնագրության մասին

Oct 19, 2018 Comments Off on Պետք է պարզել ձայնագրողի շահագրգռվածությունը. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը՝ ձայնագրության մասին

Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունը ուղեկցող տեքստի հետ, թե իբրեւ «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաեւ համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ տեղեկությունը ուղղակի սադրանք է: Սեւակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավը անցել եւ անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: .

Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե որեւէ թեկնածուի լուսանկարը այս կամ այն քաղաքացին ուր կարող է փակցնել: Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետներում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին:

. Որեւէ մեկը չի կարող նաեւ նախապես տեղեկանալ, թե որ թաղամասում ով կարող է ներկա գտնվել քայլարշավ իրականացնող թեկնածուի բակային հանդիպումներին: Իսկ Ջրառատ թաղամասում նշված հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերին՝ հոկտեմբերի 11-ին, եւ ոչ ոքի՝ այդ թվում եւ պետական ծառայողներին, արգելված չէ հանգստյան օրերին մասնակցել քարոզարշավին՝ որպես ՀՀ քաղաքացի:

Իսկ ինչ վերաբերում է այն ձայնագրությանը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, ապա այն հերքում է հենց կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը: Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած եւ իբրեւ Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, եւ ակնհայտ երեւում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին:

Նա զանգահարողից է իմանում, թե երբ եւ ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երեւան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին: Այս ձայնագրությունը եւս մենք համարում ենք սադրանք: Դարձյալ հորդորում ենք խաղաղ, օրինակելի ու մրցակցային պայմաններում իրականացվող քարոզարշավը եւ հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները չփորձել ստվերել: Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումը առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի.

. Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ եւ արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը, . Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին եւ ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը Նոր Հայաստանում:

Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյան

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: