ՀՀԿ-ի երբեմնի տասովչիկները դարձել են հեղափոխական. Վերին Գետաշենում դժվար ընտրություն է լինելու

Oct 21, 2018 Comments Off on ՀՀԿ-ի երբեմնի տասովչիկները դարձել են հեղափոխական. Վերին Գետաշենում դժվար ընտրություն է լինելու

Հետհեղափոխական նոր իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր համայնքներում տեղական իշխանությունների և համայնքապետերի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում բազմաթիվ գյուղապետեր հրաժարական տվեցին: Դրանից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանն էր: Ղուկասյանը Վերին Գետաշենի երկարամյա ղեկավարն էր՝ 7 ընտրաշրջան անընդմեջ՝ շուրջ 22 տարի շարունակ ղեկավարել էր Գետաշենը, և այս ընթացքում գյուղում հաստատել սեփական փոքր իմպերիան: Թեպետ որպես հրաժարականի հիմնական պատճառ Ռուբիկ Ղուկասյանը նշել է իր առողջական վիճակը, սակայն պատճառը նրան դեմ հասունացած դժգոհությունն էր:
Ռուբիկ Ղուկասյանը Վերին Գետաշենի գյուղապետի պաշտոնում աշխատելու ընթացքում հաջողել էր հաճելին և օգտակարը համատեղել. գյուղացիները պատմում են, որ նախկին գյուղապետը դպրոցի տարածքում ամբուլատորիա և դեղատուն էր հիմնադրել, եղբորը նշանակել ամբուլատորիայի տնօրեն, իսկ հարազատ դստերը դեղատան տնօրեն: Տեղացիները նաև պատմում են, որ Ղուկասյանը տարիներ շարունակ համայնքի բյուջեից աջակցություն է հատկացնում միայն նրանց, ում ինքն է հարմար գտնում, մինչդեռ բազմաթիվ կարիքավոր մարդիկ կան, ովքեր մշտապես անտեսված են մնում: Բայց ամենամեծ բողոքը, որ վերին գետաշենցիների համբերության բաժակը վերջնականապես լցրեց՝ գյուղի տարածքների հաշվին ՀԷԿ-ի անօրինական կառուցումն էր, որի համար տեղացիները մեղադրում են նախկին գյուղապետին: Նա տրամադրել է գյուղի հողերը ինչ-որ ընկերության, իսկ նրանք ՀԷԿ են կառուցել, արդյունքում նախկինում օգտագործելի մի քանի հեկտար հողերը դարձել են անօգտագործելի: Գյուղում պատմում են, որ Վերին Գետաշենի ՀԷԿ-ի իրական սեփականատերը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է:

Երկար տարիներ Ռուբիկ Ղուկասյանի թուրը, շնորհիվ իր փոխմարզպետ եղբոր՝ ՀՀԿ-ական Արտուշ Ղուկասյանի, կտրում էր և աջ ու ձախ: Ասում են, որ անգամ դպրոցի դասացուցակը նախկին գյուղապետն էր կազմում:
Ինչևէ, հեղափոխությունից ընդամենը երեք շաբաթ անց՝ 2018 թվականի մայիսի 29-ին, Ռուբիկ Ղուկասյանը հրաժարական է ներկայացրել: Հոկտեմբերի 21-ին Վերին Գետաշենում նոր ընտրություններ են նշանակված:
Նախկին գյուղապետի հրաժարականից հետո Գեղարքունիքի արդեն նախկին դաշնակցական մարզպետ Իշխան Սաղաթելյանը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իր կուսակցին՝ Հայկ Սարգսյանին: Դա ոչ միայն նախկին մարզպետի սրտով էր, այլ նաև նախկին գյուղապետի և նրա ընտանիքի: Բանն այն է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը՝ Հայկ Սարգսյանը, Ղուկասյանների ընտանիքի փեսան է, և այժմ երբեմնի իշխանական լծակներն ու ռեսուրսը օգտագործվում է հօգուտ հենց այս թեկնածուի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար Վերին Գետաշենում 4 թեկնածու է առաջադրվել: Հիմնական մրցակցությունը, սակայն, ըստ էության լինելու է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանի ու անկուսակցական թեկնածու Արսեն Սիմոնյանի միջև: 31-ամյա Արսեն Սիմոնյանը մասնագիտությամբ ինժեներ է, տեղեկատվական
համակարգերի մասնագետ, զբաղվել է մանկավարժությամբ, եղել է գյուղի ավագանու անդամ:
2014թ.-ին աշխատել EstoMED ընկերությունում որպես հաճախորդների տվյալների բազայի պատասխանատու: Իսկ վերջին մի քանի տարիներին բիզնես գործունեություն է ծավալել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում և այնտեղից էլ աջակցել է Փաշինյանի գլխավորած հեղափոխությանը: Մոսկվայում՝ հայկական դեսպանատան մոտ, ցույցերի կազմակերպիչներից է եղել, և հեղափոխությամբ ոգևորված՝ ընտանիքով վերադարձել է հայրենի գյուղ:
Մյուս երկու թեկնածուներից մեկը գյուղի ավագանու անդամ Տիգրան Մուրադյանն է, իսկ մյուսը Իմ քայլը դաշինքի անունից հանդես եկող Դավիթ Դավթյանը: Ըստ էության, նրանք երկուսն էլ աշխատում են ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանի օգտին, իսկ նրանց՝ այդ երեքի թեկնածուների գործունեությունը ընդհատակյա համակարգում, և ղեկավարում է նախկին գյուղապետ Ղուկասյանը: Համենայն դեպս, վերին գետաշենցիները այսպես են ներկայացնում իրավիճակը:
Խնդիրն այն է, որ թեկնածուներից մեկը՝ Տիգրան Մուրադյանը, և նրա եղբայրը ավագանու անդամներ են, իսկ նրանց հայրը՝ Մուրադ Մուրադյանը, գյուղապետարանի ֆինանսիստն է: Իսկ Դավիթ Դավթյանի հարազատ հորեղբայրը գյուղապետի տեղակալն է: Այսինքն՝ այս բոլորի մարդկանց միավորումն է համատեղ անցյալը, ինչպես նաև նախկին գյուղապետի կոռումպացիոն գործերը կոցկված պահելու շահագրգռությունը: Ավելորդ չէ նաև նշել, որ ՀՀԿ բոլոր ընտրությունների ժամանակ այս նույն մարդիկ ցուցակագրել և փող են բաժանել գյուղացիներին, և հիմա ՀՀԿ-ի երբեմնի տասովչիկները դարձել են հեղափոխականներ ու ուզում են նոր Հայաստան կերտել: Ստացվում է, որ այսօր հեղափոխական ուժերը հենվում են այն նույն անձանց վրա, ում վրա ժամանակին հենվում էր ՀՀԿ-ն:

Ամեն դեպքում, վերջին խոսքը ընտրողինն է, և հոկտեմբերի 21-ին  կերևա, թե ում է ընտրում վերինգետաշենցին:

 

Հայկ Դավթյան

Հ.Գ. Լուսանկարում՝ Վերին Գետաշեն համայնքի թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ:

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: