«Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին». Անելկա Գրիգորյան

Oct 18, 2018 Comments Off on «Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին». Անելկա Գրիգորյան

Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին: Այսօրվա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի քան պատասխանատու ասված խոսքի մեջ, ուստի կփորձեմ առաջնորդվել ոչինչ չավելացնել ու ոչինչ չպակասեցնելու նշանաբանով, և փաստորեն վկայություն տալ մի մարդու մասին, որին ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ դեռևս Մշակույթի նախարարությունում աշխատելուս տարիներից ի վեր:

Նա Մարդ է՝ այդ բառի իսկական իմաստով: Շատ հազվադեպ է, երբ բարձր պաշտոնյա-բարձր մասնագետ-բարձր մարդ եռամիասնությունն այդչափ հավասարակշիռ ու ներդաշնակ լինեն միմյանց հետ, և այդ բաղադրիչների հաճախադեպ ու անխուսափելի կոնֆլիկտների մեջ անխախտելի մնա մարդը՝ իր ամեն ինչով: Սամվել Մայրապետյանը մարդկային այս դասին է պատկանում: Վկա՝ նրա ծանրակշիռ ձեռքբերումները գործարար աշխարհում և կառավարման ոլորտում: Ինքնագովազդի ռեալ և բացառիկ հնարավորությունների տեր այս մարդը երբեք ի ցույց չի դնում, չի շեփորահարում իր արածն ու անելիքը՝ պահպանելով իմաստուն ու լուռ մի պահվածք, որ կյանքի մասին իր ունեցած ընկալումից է գալիս: Բարեգործության մեջ լուռ է ու աննկատ, դիմացինին սատարելու, օգնելու հարցում՝ միշտ պատրաստակամ և անշահախնդիր՝ անկախ այն բանից, թե հասարակական սանդղակի մեջ ինչ տեղ է զբաղեցնում վերջինս: Սա կհաստատի իր հետ երբևէ առնչված յուրաքանչյուր ոք:

Կուզենայի մեկ դրվագ հիշեցնել միայն, որը կապված է Մշակույթի երբեմնի փոխնախարար, տաղանդավոր երաժիշտ-երգահան, լուսահոգի  Ստեփան Լուսիկյանի հետ: Նա ծանր հիվանդությունից անժամանակ հեռացավ մեզանից, երբ այլևս փոխնախարար չէր: Սամվել Մայրապետյանը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպեց  Ստեփան Լուսիկյանի ստեղծագործությունների շքեղ հանդիսությունը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ գործընկերոջ, իր ընկերոջ և հավատարիմ իր էությանը՝ հավաստեց ի լուր բոլորիս իր իսկ ապրելու և գործելու անխախտ  նշանաբանը՝ Մարդ մնալու դժվարին պատասխանատվությունը:

Անելկա Գրիգորյան

Թատերարվեստի բնագավառի հանձնաժողովի նախագահ, Պատմության թանգարանի տնօրեն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: