Առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր. Անահիտ Բախշյան

Oct 18, 2018 Comments Off on Առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր. Անահիտ Բախշյան

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ լինեք աներեր ՀՀ օրենքների պահանջների նկատմամբ, Ձեր արդարամտությամբ որքան հնարավոր է արագ ընդունվեք մարզի քաղաքացիների կողմից: Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում:

Դուք ստանձնել եք մի մարզի կառավարման պատասխանատվությունը, որի ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցների տնօրենների գործունության մեջ առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր են հարուցվել:

ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածը 7 կետով հստակ սահմանում է Մարզպետի իրավասությունները, որոնցով Դուք պարտավոր եք առաջնորդվել: Մասնավորապես, մարզպետը

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան:

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը»:

Ինչի՞ մասին է խոսքը, ս.թ. հուլիսի 24-ին մարզի Հացիկ գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որտեղ գրված է, բառացի մեջբերում եմ. «Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյան անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով դպրոցի շարժական ու անշարժ գույքի, ֆինանսական միջոցների հետ կապված նախաձեռնել և իրականացրել է ապօրինի գործարքներ, ներառական կրթության ոլորտի մասնագետների և դպրոցի տնօրենի օգնականի նշանակման հարցում դրսևորել է անձնական և խմբային շահագրգռվածություն, իսկ 2017 թ.-ի սեպտեմբերի ամսին Նելլի Մնացականյանից անձամբ շորթմամբ պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել խոհարարի աշխատանքից»: Հավելեմ այն, ինչ քննիչը չի արձանագրել: Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում գոյություն չունի «տնօրենի օգնական» հաստիք, սակայն այդ դպրոցի գործող տնօրենի հայրը, ով դպրոցի նախկին տնօրենն է եղել, աշխատում է այդ պաշտոնում ու ստանում 110000 դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ մանկավարժները չեն վարձատրվում գրավոր աշխատանքների և այլ լրացուցիչ աշխատանքների համար: 2016 թվականին Տաթևիկ Մկրտչյանն իր հայրիկից հետո սկզբից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո՝ տնօրեն ու ըստ մանկավարժ Գայանե Վարդանյանի, դպրոցում տեղյակ չեն եղել տնօրենի մրցույթի հայտարարության, կառավարման խորհրդի այն նիստի մասին, որի ժամանակ տնօրեն է ընտրվել Տաթևիկ Մկրտչյանը:

Պարոն մարզպետ, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, երբ իր նկատմամբ հարուցված գործով նախաքննություն է իրականացվում: Վստահ եմ, որ Դուք շահագրգռված եք մարզում հաստատել Օրենքի իշխանություն և որպես նորանշանակ ու շատ երիտասարդ մարզպետ, ուզում եք մարզում կարգ ու կանոն հաստատել: Հետևաբար, Օրենքի պահանջով, մարզի դատախազի միջնորդությամբ Դուք կարող եք ժամանակավորապես դադարեցնել գործող տնօրենի լիազորություններն ու քննչականին առաջարկել հնարավորինս արագացնել նախաքննության ավարտը, որոնք 3 ամիս է մնացել են քննչական մարմինների դարակներում, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, որը վնասում է նախաքննության օբյեկտիվ ընթացքին: Շնորհակալություն համագործակցության համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: