Ռուս-ամերիկյան բախում Հայաստանում

Oct 19, 2018 Comments Off on Ռուս-ամերիկյան բախում Հայաստանում

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում, կարելի է ասել, սենսացիոն արձագանք է տվել վերջերս Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, որոնք նա արել էր հոկտեմբերի 9-ին հայ-ամերիկյան առևտրային պալատում ելույթի ժամանակ:

«Այս ելույթը տարբերվում է այնպիսի յուրահատուկ պրիմիտիվ շիտակությամբ»,-ասել է Զախարովան: Զախարովայի խոսքով՝ Միլսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը, տասնյակ տարիներ նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշ խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների:

«Ընդ որում, ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, ավելին՝ նույնիսկ հպարտությամբ: Իբրև թե այդ ամենը արդարացված է և անհրաժեշտ է բարի նպատակի համար, այն է՝«Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնել»»: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դեսպանն ավելի ուշ հասկացել է, որ այն չի խոսում, ինչ որ պետք է, ուղղել է իր սխալը՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ներքին պատճառներով: Զախարովան նաև նշել է, որ դեսպանը խորհուրդ է տվել՝ ինչպես զարգացնել Հայաստանի էկոնոմիկան, ինչպես գործարկել քաղաքական համակարգը: «Եկեք որոշենք՝ այլ պետությունների գործերին միջամտելը լավ է, թե վատ»,-շեշտել է Զախարովան:

ԱՄՆ-ը Հայաստանի խոշորություն դոնոր պետություններից է, և Ռուսաստանն այդ մասին քաջ տեղյակ է: Խնդիրն այն է, որ երբ Միացյալ Նահանգները, կամ արևմտյան այլ պետությունները, երբ Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների պահպանման պահանջներ են ներկայացնում, կամ այդ սկզբունքների շուրջ առաջընթացի վերաբերյալ արձանագրումներ են անում՝ Մոսկվան այդ ամենի հետևում տեսնում է կոնկրետ ամերիկյան շահերի սպասարկում:

Հայաստանում տարիներ առաջ, օրինակ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիաները ինչպես ընդունվեցին Ռուսաստանում, կամ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները տարիներ առաջ, այսինքն, ցանկացած առիթ դառնում էր կոնկրետ գործիք Հայաստանին դավաճանության մեջ մեղադրելու համար:

Հիմա ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները, կարծես, լուրջ հիմք են դարձել Հայաստանում «հաշիվներ մաքրելու» հարցում:

Հայաստանի համար ռուս-ամերիկյան բախումն, իհարկե, կլինի ամենաանցանկալի սցենարը: Այդ հարաբերությունների սրումը Հայաստանի համար կոնկրետ բարդություններ կստեղծի: Հայկական կողմն իր հերթին պետք է ամեն ինչ անի սուր անկյուններ չստեղծվեն: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի կայուն ու զարգացող հարաբերությունները կարևոր են:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: