Զայրացած Մոսկվան, Փաշինյանն ու հարյուր միլիոն դոլարի ռազմական նոր վարկը

Oct 19, 2018 Comments Off on Զայրացած Մոսկվան, Փաշինյանն ու հարյուր միլիոն դոլարի ռազմական նոր վարկը

Ռուսաստանը ուշադրության կենտրոնում է պահում հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

«Նովայա գազետան», օրինակ, «Փաշինյանը հեռացել է, որ վերադառնա» վերնագրով հոդված է հրապարակել այսօր, որում պատմում է Հայաստանյան զարգացումների տրամաբանությունն ու հնարավոր սցենարը։ Հոդվածի հեղինակը նշել է նաև հոկտեմբերի 2-ի հանրահավաքը, երբ Փաշինյանի կոչով Ազգային ժողովի մոտ էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: «Մատի մի շարժումով նա կարողացավ մեկ ժամում՝ աշխատանքային օրվա ավարտին, 30 հազար մարդ հավաքել փողոցում», – գրել է «Նովայա գազետան»:

Ռուսական մամուլը գրում է, որ Փաշինյանն այսօր ունի հասարակության առնվազն 80 տոկոսի աջակցությունը և գրեթե բացառում է այնպիսի սցենարը, որ Փաշինյանի դե յուրե հրաժարականը վերածվի դե ֆակտո հրաժարականի։ «Կոմերսանտն» իր ավանդույթի համաձայն հերթական հոդվածն է նվիրել ներհայաստանյան իրադարձություններին՝ «Փաշինյանը հեռացավ լրացուցիչ ուժեր գտնելու համար, Մոսկվան դժգոհ է» վերնագրով: Ընդ որում՝ Մոսկվան տվյալ դեպքում Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, ով ասել է, որ ընտրությունների շուրջ այս անվերջ վազվզոցը հետին պլան է մղել այն հարցերը, որ բնակչության դժգոհության պատճառ էին դարձել։ Խոսքը տնտեսության զարգացման և ներդրումների մասին է։ Զատուլինը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները կսկսեն զբաղվել տնտեսական հարցերով։

Ռուսաստանյան պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Փաշինյանի հրաժարականը մեկնաբանելու համար դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանը գործակալությանն ասել է, որ իր կարծիքով արտահերթ ընտրությունների հետևանքով Հայաստանում կհաստատվի քաղաքական մենաշնորհ: Նա մտավախություն է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում չի հաջողվի ձևավորել արժանի խորհրդարան: Հայաստանի երկրորդ նախագահի խոսքով` լիակատար իշխանությունը նաև լիակատար պատասխանատվություն է ենթադրում: – «Կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հանրության այսօրվա տրամադրությունը, և այս պահից սկսած այդ իշխանությունը պետք է լիակատար պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», – ասաց Քոչարյանը:

«Ռաշա Թուդեյն» էլ իր հոդվածում հիշում է, որ հրաժարականի նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ և քննարկել արտահերթ ընտրությունների հարցը։

Ռուսական մամուլը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է նախ և առաջ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Մասնավորապես, «Գազետա․ռու»-ն իր հոդվածում այսօր գրում է․- «Փաշինյանը փորձում է պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ։ Սեպտեմբերի սկզբին նա հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում։ Կողմերը քննարկել էին հայ -ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր, համագործակցությունը Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Երևանը քննարկում է Մոսկվայից հարյուր միլիոն դոլարի ռազմական նոր վարկ ստանալու հնարավորությունը»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: