Ավտոմեքենայի փոխարեն կանխիկ գումար

Oct 20, 2018 Comments Off on Ավտոմեքենայի փոխարեն կանխիկ գումար

Այս տարի «Լավագույն դաստիարակ»,  «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները ավտոմեքենա չեն ստանա, կառավարությունը որոշել է նրանց դրամական պարգև տալ: Հոկտեմբերի 18-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  որոշման նախագծի համաձայն՝ բյուջեի պահուստային ֆոնդից  վարչապետի աշխատակազմին 11 մլն դրամ գումար է հատկացվում, որից 10 մլն 400 հազար դրամը կտրվի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին՝ յուրաքանչյուրին 5 մլն 200 հազար դրամ, իսկ  600 հարյուր հազար դրամը կտրամադրվի տարվա «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին:

Նշենք, որ ավանդաբար «Լավագույն դաստիարակ»,  «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղցթողները վարչապետի կողմից ավտոմեքենաներ էին  ստանում, իսկ «Լավագույն տնօրենին» հատկացվում էր համակարգիչ: Այս տարի փաստորեն իրավիճակ է փոխվել նաև այս առումով. կառավարությունը նվերների փոխարեն  որոշել է կանխիկ գումար տալ: Նշենք, որ նախկին տարիներին  կառավարությունը յուրաքանչյուր մեքենայի  ձեռքբերման համար հատկացնում էր 5 մլն դրամ գումար: Պարգևատրվողների համար թերևս գումարն ավելի նախընտրելի տարբերակ է. նրանք ավտոմեքենայի փոխարեն այս անգամ 5 մլն 200 հազար դրամ գումար կստանան, եթե իհարկե, այդ պարգևավճարից հարկային պահումներ չարվեն:

Նշենք, որ համաձայն սահմանված ընթացակարգի՝ հաղթողների անունները գաղտնի են պահվում, չնայած որ արդյունքներն ամփոփվել են դեռևս սեպտեմբերի 25-ին: Անուններն հայտարարվում է հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ բեմից, երբ վարչապետը  «Լավագույն դաստիարակին» և  «Լավագույն ուսուցչին» հանձնում է խոշոր մրցանկանրեը, իսկ «Լավագույն տնօրենն» այս տարի համակարգչի փոխարեն կստանա 600 հազար դրամ գումար:

Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից:

Ինչպես են ընտրում լավագույններին

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթը անցկացվում է 3 փուլով՝ ներդպրոցական, մարզային (Երևանի

քաղաքային) և հանրապետական:

Մրցույթի 1-ին փուլն անցկացվում է ուսումնական հաստատություններում` սեպտեմբերից մարտ ընկած

ժամանակահատվածում:

Մրցույթի 1-ին փուլի անցկացման նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է

հանձնաժողով, որի կազմում (առնվազն 5 անդամ) ընդգրկվում են տնօրենը, տնօրենի տեղակալը

(տեղակալները), մեթոդմիավորման անդամներ, ուսուցիչներ, ծնողներ:

Մասնակիցների թեկնածությունները հանձնաժողովին ներկայացնում են ուսումնական

հաստատությունների մեթոդական միավորումները: Ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչն

ընտրվում է այդ նպատակով հանձնաժողովի հրավիրած նիստում, հանձնաժողովի անդամների փակ

քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ուսումնական հաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը խրախուսվում է հաստատության տնօրինության կողմից և իրավունք է ստանում մասնակցելու 2-րդ փուլին, որը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը: Մրցույթի 2-րդ փուլն անցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովները (առնվազն 5 անդամ), որոնց կազմում ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչներ,

ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների, ոչ

պետական դպրոցների համար մրցույթի 2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է նախարարությունը:

Մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար ուսումնական հաստատության տնօրենները` ըստ

ենթակայության, գնահատող հանձնաժողովներին են ներկայացնում ուսումնական հաստատության

գնահատող հանձնաժողովի որոշումը և երաշխավորագիր-բնութագիր` որը ներառում է տեղեկատվություն`

1) ուսուցչի որակավորման, մանկավարժական գործունեության (աշխատանքային ստաժ),

2) ուսուցչի կողմից անցկացրած որևէ դասի նկարագրության (դասի տեսագրություն),

3) կոչումների կամ պարգևների (առկայության դեպքում, երբ է ստացել, ո՞ւմ կողմից),

4) տարակարգի (առկայության դեպքում),

5) «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում մասնագիտական թեմայով դաս վարելու

(առկայության դեպքում),

6) հանրապետական մրցութային միջոցառումներին մասնակցության և արդյունքների,

7) հրատարակած հոդվածների (առկայության դեպքում) վերաբերյալ:

Մրցույթի 2-րդ փուլն ընդգրկում է ներկայացված ուսուցիչների մասնակցությամբ կլոր սեղան-

հանդիպում, բաց դասերի կազմակերպում, ուսուցչի կողմից ընտրված թեմայով վարպետաց դասերի

անցկացում:2-րդ փուլի հաղթողների տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացվում է

նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար:

Հանրապետական փուլն անցկացվում է ԿԳ նախարարության կողմից` կլոր սեղան-բանավեճի

շրջանակներում` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:

 

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթն անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի

ընթացակարգով:  Մրցույթի արդյունքում հաղթող «Տարվա լավագույն ուսուցիչը» և «Տարվա լավագույն դաստիարակը» ուսումնական տարվա ընթացքում հանրապետության տարբեր դպրոցներում անցկացնում է վարպետաց դասեր, մասնակցում նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներին, մանկավարժական մամուլում հրապարակում հոդվածներ:

«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (Երևանի քաղաքային) և

հանրապետական` նույն կարգի համաձայն:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն»

մրցույթների հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը: Հաղթողներն  ընտրվում են այդ նպատակով հրավիրած նիստում, փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն

դաստիարակ»  մրցույթների հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:

 

Կարինե Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: