Լիզա Ճաղարյան. Էսպիսի կատակներ մի՛ արեք, պարոն վարչապետ

Oct 17, 2018 Comments Off on Լիզա Ճաղարյան. Էսպիսի կատակներ մի՛ արեք, պարոն վարչապետ

ՀՀ վարչապետն անհաջող կատակ է անում։ Տեսավ՝ Վալերի Օսիպյանին «կուլ տվեցինք», բերեց ու… «բոլոր ժամանակների» ոստիկանության փոխնախարար Հունան Պողոսյանին մարզպետ նշանակեց։

Եվ՝ փորձեց հիմնավորել, թե ինչու։ Չհամոզեց, ցավոք։ Խելքը գլխին հավատացյալ չեմ, որ ասեմ՝ Աստված բարին կատարի, ու այդքանով բավարարվեմ։

«Քաղաքական ռասիզմ» տերմինի բացատրությունն էլ հասկանալի չէր ինձ։ Առնվազն՝ Հունան Պողոսյանի մասով։

Ես սովորական, շատ սովորական քաղաքացի եմ եւ «իզմ»-երի նկատմամբ էլ առանձնապես թուլություն չունեմ։ Ես ողջունել եմ հեղափոխությունը՝ անկախ իմ «հեղհեղուկ» վերաբերմունքից այդ հեղափոխության առաջնորդի նկատմամբ։ Ողջունել եմ, որովհետեւ ՀՀԿ-ական հանցախմբի նկատմամբ վերաբերմունքս է վառ արտահայտված բացասական եւ հույժ որոշակի, եւ այդ վերաբերմունքս տարիներ շարունակ սա է եղել՝ ամեն գնով պետք է ազատվել Հայաստանը կործանող իշխող ավազակախմբից։ Եվ հենց սա է պատճառը, որ ես աներեր, առանց աջուձախ տատանվելու՝ ուղղակիորեն տենչում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հաղթած դուրս գա այս պայքարում, եւ եթե վաղն էլ հանկարծ որոշի, օրինակ, Գասպարյան Վովային Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան դարձնել, որքան էլ որ, լոռեցու ասած՝ այսահարվեմ, էլի՛ շարունակելու եմ ձգտել հեղափոխության վերջնական հաղթանակին։

Եվ վստահ եմ, որ հաղթանակը լինելու է, որովհետեւ ո՛չ միայն Նիկոլ Փաշինյանին անքննելի համարողներն են բազմահազար, այլեւ բազմահազար են ինձ նման մտածող մարդիկ, եւ այս երկու թեւը միասին անհաղթելի են, եւ այս երկու թեւն էլ նույն չափով ձգտում են այդ հաղթանակին։ Եվ եթե կուզեք իմանալ՝ ինձ նման մտածողների թեւն առավե՛լ գիտակցված եւ նվիրումով է պայքարում եւ ոչինչ չի ակնկալում նոր իշխանությունից՝ բացի արդար Հայաստանից։

Ավելին, որքան հեղափոխության առաջնորդի ֆանատները, նույնքա՛ն էլ այս թեւն իրավունք ունի տարակուսելու, թե «ժողովուրդն է որոշողը» միտքը հաճախ կրկնող հարգարժան վարչապետն ինչու՞ կադրային քաղաքականություն վարելիս չի հարգում այդ նույն ժողովրդի զգացմունքները։

«Սեր եւ համերաշխություն» ասվածը հաճելի բան է, դրան ձգտելը՝ նույնպես։ Հասնելն է անհնարին։ Ինչքան ուզում եք ասեք, միեւնույն է՝ ես եւ ինձ նման բյուրավորները չեն կարող սիրել թալանչիներին ու մարդասպաններին, հասարակությանը տարիներ շարունակ նվաստացնողներին, մանավանդ որ տեսնում ենք՝ ո՛չ թալանչիները, ո՛չ մարդասպանները, ոչ էլ դրանց հացկատակները զղջման, ամոթի գեթ մեկ թույլ, աղոտ նշան ցույց չեն տալիս։ Հակառակը՝ շարունակում են լկտիաբար հոխորտալ ու հոխորտալ, զուգահեռաբար՝ նոր տերեր են փնտրում ամենաստոր ու եղկելի միջոցներով, որ նրանց օգնությամբ նորից վերադառնան ու շարունակեն իրենց սեւ գործը՝ ավելի մաղձոտած, ավելի չարացած եւ կերի պակասից հերսոտած։

Ներում են զղջացողին։ ՀՀԿ-ական ավազակախմբից գեթ մեկի ցույց տվեք, որը զղջացել ու ներողամտություն է հայցել Հայաստանի քաղաքացիներից՝ նրանց պատճառած չարագործությունների համար։

Չեք գտնի, իզուր մի փնտրեք։ Հունան Պողոսյանն էլ դրանց հետ միասին՝ ձեզ «նվեր»։

Ժողովուրդն անկասկած կհաղթի։ ՀՀԿ-ն անտարակույս կհայտնվի պատմության աղբանոցում։ Իշխանության կգա ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ երբ Հայաստանի քաղաքացիները կհամոզվեն, որ նախկինների վերադարձն այլեւս անհնար է, ու լիաթոք շունչ կքաշեն, ահա այդ ժամանակ էլ կասեն՝ էսպիսի կատակներ մի արա, պարոն վարչապետ, մենք հումորի զգացում ունեցող ժողովուրդ ենք, բայց անհաջող հումորը սրամիտից զանազանում ենք։

Գրել է Լիզա Ճաղարյանը

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: