«Հողերի վերադարձ». հստակ ուղերձ պաշտոնակատար Փաշինյանին

Oct 18, 2018 1 Comment

ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավար Հայաստանին

«Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար Հայաստանին և հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վաշինգթոնն ու Երևանը քննարկելու են հարաբերությունների խորացման հարցը», երեկ Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

«Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, հավանաբար գալիք տարվա փետրվարին Վաշինգտոնում մենք կգումարենք ամերիկա-հայկական միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ անցկացնելու ռազմավարական նշանակության քննարկումներ: Կարծում եմ, մեզ համար դա գերազանց պահ կլինի՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խորացնել մեր հարաբերությունները: Ինչպես դեսպան Միլսը հայտարարեց անցած շաբաթ, ի պատասխան այստեղ տեղի ունեցած փոփոխությունների, որոնք դուք անվանում եք «թավշյա հեղափոխություն», ԱՄՆ-ն մեծացրեց Հայաստանին հատկացվող աջակցությունը՝ օժանդակելու այն փոփոխություններին, որ հայաստանցիները առաջ են տանում», – նշեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անցած շաբաթ հայտարարեց, որ այս տարի ԱՄՆ-ը 14 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար նախատեսում է 20 միլիոն դոլար ավելի հատկացնել, քան նախատեսված էր ի սկզբանե:

Ջորջ Քենթը զբաղեցնում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը և պատասխանատու է Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների համակարգման համար: Քենթին նախօրեին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և, կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը ասել էր, որ ուրախ է այցելել Հայաստան երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը․ – «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ Հայաստանին: Տեղյակ ենք, որ ձեր երկիրը ժողովրդավար կերպով փոխվեց, հնարավոր են նոր ընտրություններ, և մենք քաջալերում ենք, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, որոնց կմասնակցեն բոլորը»:

Քենթը վստահ է, որ կկայանա Թրամփ-Փաշինյան հանդիպումը

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ-ի նախագահի հնարավոր հանդիպման հարցին՝ Ջորջ Քենթը վստահություն հայտնեց, որ այն կկայանա․ – «Որպես դիվանագետներ մենք միշտ աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպման կայանալուն: Վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կկայանա, սակայն չեմ կարող ասել, թե այն երբ ու որտեղ կկայանա: Կարող եմ ենթադրել, որ հանդիպման հարցը կքննարկվի վարչապետ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը»:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը խոսեց նաև Իրանի հետ հարաբերություններից․ – «Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները թիրախավորում են որոշակի ընկերությունների, որոշակի ոլորտներ: Խնդիրը փոքր ծավալի բնականոն առևտուրը չէ: Սակայն հայաստանյան, ինչպես նաև վրացական ու ադրբեջանական ընկերությունները, որոնց ներկայացուցիչների հետ ես խոսեցի անցած շաբաթ, պետք է գիտակցեն, թե ովքեր են իրենց հաճախորդները: Այո, մենք քաջալերում ենք ընկերություններին՝ առևտուր չանել իրանական որոշակի ընկերությունների հետ, որովհետև նրանք կարող են ԱՄՆ պատժամիջոցների ներքո լինել: Միացյալ Նահանգների այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են պատժամիջոցների քաղաքականության համար, հավանաբար այս նոյեմբերին կայցելեն տարածաշրջան՝ հայաստանյան, վրացական ու այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ տանելու համար»:

«Սառը ցնցուղ» Միլսից՝ «գրավյալ տարածքների վերադարձի» մասին

Մի կողմից Վաշինգտոնից ժամանած պաշտոնյան ցույց է տվել ամերիկյան շռայլությունը, Հայաստանին աջակցություն հայտնել, այնուհետև, կարծես, ներկայացրել գինը, թե ինչի դիմաց Վաշինգտոնը «առատաձեռն կլինի»: Հաջորդն արդեն՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի շուրթերով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի», EVN Report-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մինչև Ադրբեջանը պատրաստ չլինի փոխզիջումային տարբերակով ԼՂ հիմնախնդիր կարգավորմանը, Հայաստանում անիմաստ է ծավալել նման քննարկումներ: Միլսը նշել է, որ այն ինչ ինքն է ասում փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: «Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը: Նա նշել է, որ հասկանում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները. «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “«Հողերի վերադարձ». հստակ ուղերձ պաշտոնակատար Փաշինյանին” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    AYS CRIQA TSPAN AYV ANPARYQN A INK IRAVUNK JUNI VOJ MI PAN VORCHLU MER NRKIN KORJERUN HRNVELU