Մահաբեր զենքերի նոր գործարք ընդդեմ Արցախի. Ադրբեջանի Պնախարարի գործուղումը

Oct 21, 2018 Comments Off on Մահաբեր զենքերի նոր գործարք ընդդեմ Արցախի. Ադրբեջանի Պնախարարի գործուղումը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հասանովը հանդիպումներ է ունենալու այդ երկրի իշխանությունների, այդ թվում՝ իր չեխ պաշտոնակից Լյուբոմիր Մետնարին, ինչպես նաև Չեխիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների հետ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկելու են ռազմական ասպարեզում Ադրբեջանի և Չեխիայի համագործակցության հեռանկարը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Բաքուն պատրաստվում է նոր զինատեսակներ ձեռք բերել Չեխիայից։

2017-ին մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ չեխական, ռուսական, ադրբեջանական, հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը ձեռք են բերել չեխական արտադրության «Դանա» տեսակի հրետանային համակարգեր, որոնք կիրառվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից մեկում: ԵՄ անդամ Չեխիան, որին ԵԱՀԿ-ի հանձնարարությամբ արգելվում է Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարել ղարաբաղյան հակամարտության պատճառով, հայտարարել է, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:

Չեխիայի ԱԳՆ-ն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, թե չեխական կառավարությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017թթ. մերժվել են որոշ զինատեսակներ և հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում:

Չնայած բարձր մակարդակով պաշտոնական այս պնդումներին՝ այս տարվա ապրիլին Slovak Spectator պարբերականը թեմայի շուրջ հետաքննություն էր անցկացրել և պարզել, որ չեխական հրթիռային այդ կայանքներն ու հաուբիցները Բաքու են հասել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանից, ըստ աղբյուրի, Իսրայելի տարածքով: Մինչ պաշտոնական Պրահան տարակուսանք էր հայտնում չեխական արտադրության մահաբեր զենքը հակամարտության գոտում հայտնվելու կապակցությամբ, լրատվամիջոցը պարզել էր, որ ադրբեջանական զինուժին վաճառված զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է։

«Դանա» հրետանային համակարգը՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններում

Ամեն ինչ այսպես սկսվեց: Անցյալ տարի սեպտեմբերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը հայտնեցին, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի ԱԳՆ-ն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել էր, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա՝ Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017թթ. մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում:

Չեխիայի ԱԳՆ-ն նշում էր, թե տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում և կշարունակի քննել այդ հարցը: Նախարարությունն ընդգծում է, որ ԼՂ խնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար, Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին, Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին:

Չեխիայի Սենատի նախագահը Երևանում պնդեց. «Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել»

2017թ. հոկտեմբերի 4-ին Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը Երևանում ՀՀ Աժ-ում հրավիրված ճեպազրույցում հավաստիացրեց ՝ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել, ավելին՝ իր երկիրը հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենքի վաճառելու էմբարգոն: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու էմբարգոն: Չեմ հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան համաձայնություն չեն տվել»,- ասաց Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը մի քանի ամիս առաջ այս թեմային անդրադարձ էր կատարել այդ թեմային հիշեցնելով, որ 2017թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ: Սկզբնական շրջանում հայտնի չէր, թե այդ զենքերն ինչպես էին հասել Բաքու, հաշվի առնելով, որ Չեխիայի Հանրապետությունը որևէ թույլտվություն չէր տվել իր արտադրողներին նման զենք վաճառել Ադրբեջանին: Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները պետք է հաստատեն արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկած զենքի վաճառքի վերաբերյալ դիմումները:

Հայտնի է, որ Եվրամիությունը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հանձնարարել են, որ իրենց անդամ երկրները զենք չմատակարարեն Ադրբեջանին և Հայաստանին՝ Արցախյան հակամարտության պատճառով: Բացի այդ, Ադրբեջանին զենքի վաճառքը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993թ. հուլիսի 29-ին ընդունված 853 բանաձևը, որը կոչ էր անում անդամ պետություններին «ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք և զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել [Ղարաբաղյան] հակամարտության խորացմանը և տարածքների շարունակական գրավմանը»: Արդեն մի քանի երկրներ խախտել են Անվտանգության խորհրդի այս բանաձևը, ներառյալ Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Պակիստանը:

Ի պատասխան, Չեխիայի ՊՆ խոսնակ Յան Պեյշեկն ասել է, որ «Նախարարությունը չի հաստատել զենքի որևէ տեսակի արտահանում Ադրբեջան»: Մինչդեռ Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրեն Վալենտովան Պրահայի Daily Monitor-ին ասել է, որ «թույլտվություն չի տրվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Ադրբեջան, իսկ 2016-2017 թթ. մերժվել են արդիականացված «Դանա Մ1» հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքների արտահանման որոշ արտոնություններ, և ԵՄ գործընկեր երկրներին տեղյակ են պահել այդ մերժման մասին»:

2016թ. «Ադրբեջանը Չեխիայի Հանրապետությունից գնել է մեկ միլիոն եվրո արժողությամբ ոչ մահացու զենք, որը երեք անգամ քիչ է երեք տարի առաջ ձեռք բերվածից», հաղորդում է Hospodarske Noviny թերթը: Նախկինում, երբ Ադրբեջանը փորձել է զենք ներկրել Չեխիայից, նման ռազմական առաքումների համար թույլտվությունը մերժվել է: Պրահայի Daily Monitor թերթը հաղորդել է, որ «Չեխիայի իշխանություններն ու գաղտնի ծառայությունները ուսումնասիրում են, թե ինչպես են չեխական զենքերը … հասել Կովկաս»:

Միևնույն ժամանակ, Slovak Spectator-ը 2018թ. ապրիլի 17-ին բացահայտել է, որ «Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանը օգտագործվել է որպես տարանցիկ կետ՝ չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան հասցնելու համար… Հաղորդվում է, որ զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է, ըստ Չեխիայի հեռուստատեսության….Սլովակյան զենքի արտադրության MSM ընկերության աշխատակիցներից մեկը պատմել և նկարագրել է, թե ինչպես են հին զենքերը վերանորոգվել Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարանում, իսկ հետո Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան, հաղորդում է TASR-ն:

MSM ընկերության աշխատակիցը, Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է՝ «Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում…. Նոր սարքավորումները, ներառյալ նավիգացիոն, տեսախցային և կապի համակարգերն ուղարկվում էին Իսրայելից, հավելել է աշխատակիցը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք պայմանագիր են ստորագրել 18 հաուբից և 15 հրթռիային կայանք այս տարի, և նույն քանակությամբ հաջորդ տարի մատակարարելու վերաբերյալ…. Ընկերությունը հաստատել է «Դանա Մ1» և RM-70 համակարգերի մատակարարումը Իսրայելին »:

Slovak Spectator-ը «նույնիսկ արձանագրել է զենքի նման տեղափոխում տեսախցիկների միջոցով», որը հաստատում է զենքի առաքումը Իսրայել և այնտեղից մաքսանենգ ճանապարհով դեպի Ադրբեջան: «Մի հրթիռի տեղափոխումն իրականացվել է 2017 թ. դեկտեմբերի 27-ին Տրենչինից դեպի Բրատիսլավայի օդանավակայան, որտեղ այն տեղափոխվել է ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Silk Way ինքնաթիռով: Այնուհետև օդանավը մեկնել է Թել Ավիվ՝ Իսրայել, որտեղ գտնվում է «Էլբիս» ընկերությունը, որը ներկայացված է որպես վերջնական սպառող: Աղբյուրը նաև պարզել է, որ ինքնաթիռը շարունակել է իր ճանապարհը դեպի Բաքու, Ադրբեջան: Իսրայելում ինքնաթիռից ոչինչ չի իջեցվել, այն միայն կանգ է առել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են», ասել է MSM-ի աշխատակիցը Չեխիայի հեռուստատեսությանը: «Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայնից ուղիղ թռիչք է կատարել դեպի Ադրբեջան», գրել է Slovak Spectator-ը:

Սասունյանը գրել էր. «Խորհուրդ կտայի Հայաստանի պաշտոնյաներին՝ անմիջապես բողոքներ ներկայացնել Չեխիայի, Սլովակիայի և Իսրայելի կառավարություններին՝ իրենց արտահանման դրույթները շրջանցելու, և ԵՄ, ԵԱՀԿ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ առաջարկած արգելքները խախտելու համար: Եթե նման բողոքներ չներկայացվեն, ապա այս երեք և մի շարք այլ երկրներ կխրախուսվեն՝ ավելի մահաբեր զենքեր առաքելու Ադրբեջանին, որոնք կօգտագործվեն հայ զինվորներին և քաղաքացիական անձանց սպանելու ու վիրավորելու համար»:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: