Պաշտոն ստանալու հերթում են Վովա Գասպարյանն ու մյուսները

Oct 17, 2018 Comments Off on Պաշտոն ստանալու հերթում են Վովա Գասպարյանն ու մյուսները

Սյունիքի մարզպետի պաշտոնում գեներալ-լեյտենանտ նախկին փոխխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը հարուցել է հեղափոխական զանգվածների զայրույթը։ Այս շրջանակներում կարծում են, որ նախկին իշխանության հիմնասյուներից մեկը չպետք է եւ չի կարող դառնալ նոր Հայաստանի պաշտոնյա։

Հիշեցնենք, որ 2008 թվականից Պողոսյանը զբաղեցնում էր ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը եւ հրաժարական ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ու Վալերի Օսիպյանի ոստիկանապետ դառնալուց հետո։Հրաժարականի առիթով տարածված հայտարարությամբ Հունան Պողոսյանն անձամբ խոստովանում է, որ գործընկերների՝ «զինակիցների» հետ դավանել է նույն սկզբունքներին, ինչի արդյունքն էլ երկարամյա աշխատանքն է։ Այլ կերպ ասած՝ Հունան Պողոսյանն անձամբ է խոստովանել, դեռ ամիսներ առաջ, որ եւ աղմկահարույց Վովա Գասպարյանի, եւ տխրահչռակ Լեւոն Երանոսյանի եւ առհասարակ բոլոր «ծառայակիցների» հետ կիսել է դավանանքը․«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետեւողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի եւ քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման»: Հիմա նրան տարանջատել «սեւերից» ու բերել նոր Հայաստան մի քիչ անհասկանալի է։ Իհարկե, Հունան Պողոսյանը համակարգի բանիմաց եւ պրոֆեսիանալ պաշտոնյայի համբավ ուներ, սակայն մեծ հաշվով ոստիկանության նախկին գործունեության թիվ մեկ պատասխանատուներից է համարվում, համակարգի քաղաքականություն որոշողներից եւ իրականացնողներից։ Նա աշխատել է հանուն հին Հայաստանի, հանուն Սերժ Սարգսյանի եւ որեւէ անգամ չի ընդդիմացել, թե որեւէ բան իր ստրով չէ, որ այսինչ գործողությանն ինքը դեմ է եւ այլն։ Այսինքն պետք չէ նրանից կերտել ծպտյալ հեղափոխականի կերպար ու մատուցել նոր Հայաստանին։ Գողական բարքեր, քրեական աշխարհի հետ իշխանության սերտաճում, ընդդիմադիրների դեմ գործիք ու բազում հանցագործությունների կոծկում։ Սա է եղել ոստիկանության դիմագիծը, որի կարկառուն ներկայացուցիչը Հունան Պողոսյանն է։

Նրա ահռելի կարողության մասին փաստերը բավարար են արձանագրելու, որ նա մաքուր աշխատավարձի հույսին ապրող պաշտոնյաներից է։ Պողոսյանի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը, լրատվամիջոցներում էլ տեղեկություններ են շրջանառվում, որ որդին մի քանի տասնյակ հազար դոլարանոց ավտոմեքենա է վարում։ Հետաքրքիր է՝ ինչ միջոցներով է մինչեւ ամիսներ առաջ բարձրաստիճան ոստիկանը նման կարողություններ կուտակել։ Մամուլը տարիներ շարունակ գրում էր, որ գողականների անվտանգությունը անձնապես երաշխավորում են քաղաքական որոշ այրեր ու բարձրաստիճան ոստիկաններ եւ այդ ծառայության դիմաց նրանց վարձահատույց էին լինում։ Այս պաշտոնյաների մեջ նշվում էր նաեւ Հունան Պողոսյանի անունը։ Եվ վերջապես՝ Սյունիքի մարզն առանձնահատուկ է։ Այստեղ երկու տասնամյակ եղել է քրեաօլիգարխիայի ամենադեսպոտ դրսևորումը, ինչ հաշվարկով է Փաշինյանը մարզի վերակացու կարգում նախկին իշխանության ներկայացուցչին, որը հազար թելերով կապված է հակահեղափոխականների հետ։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ է անցել Սերժ Սարգսյանի ոճին եւ նրա մոտ էլ են «գնվում» պաշտոնները։ Հակառակ պարագայում, եթե Հունան Պողոսյանը պաշտոն է ստանում, իսկ ինչու պաշտոն չառաջարկեն Վովա Գասպարյանին ու մյուսներին։ Եւ առհասարկ որն էր Սերժ Սարգսյանի սխալը, եթե նոր իշխանությունն էլ ապավինում է նրա կադրերին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: