Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է

Oct 16, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում: Ավելի ուշ հայտարարեցին, որ շուրջ մեկ շաբաթ ԱՄՆ-ում գտնված նախագահն այդ ընթացքում Արևելք-Արևմուտք ինստիտուտի կողմից պարգևատրվել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով:

Զավեշտալին այն է, որ, համաձայն Արևելք-Արևմուտք ինստիտուտի կայքի, ինքը՝ Արմեն Սարգսյանը, այդ ինստիտուտի փոխնախագահն է: Նա փոխնախագահ է նշանակվել 2008-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ: Փաստացի ստացվում է, որ Արմեն Սարգսյանն այդ հնչեղ անունով մրցանակը ստացել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները, քանի որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ԱՄՆ են գործուղվել պետբյուջեի հաշվին և այնտեղ մնացել շուրջ մեկ շաբաթ:

Դժվար է չհամաձայնել, որ Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող, բայց էլիտար հաճույքների ու բեմականացված մեծարման երեկոների սիրահար նախագահ ունենալը, իրապես, մեծ բեռ է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: