Մեկ շաբաթում երկու բարձրաստիճան պաշտոնյաների այց. Բարդ հարցեր Փաշինյանին

Oct 18, 2018 Comments Off on Մեկ շաբաթում երկու բարձրաստիճան պաշտոնյաների այց. Բարդ հարցեր Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:

Զրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին և նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեք: Նա խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող հետևողական աշխատանքների և տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների մասին:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Իսկ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի համոզմամբ՝ Հայաստանում «ժողովրդավարության ապագան փայլուն է»: «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում ավելի քան երեք ու կես տարի պաշտոնական Վաշինգտոնը ներկայացրած Միլզը ընդգծել է․ – «Հայ ժողովուրդը նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ»:

«Լավատես եմ Հայաստանում ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, որովհետև գիտեմ, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ցանկանում: Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն է»:

Ռիչարդ Միլզի խոսքով, այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ նոր հասարակություն․ – «Այն, ինչ մենք տեսանք այս տարվա ապրիլ-մայիսին, հայերի առաջնորդած, հայերի առաջ մղած զարգացումներ էին, երբ հայ ժողովուրդը ոգևորիչ կերպով խաղաղ բողոքի միջոցով արտահայտեց իր դժգոհությունը: Հայերը ցանկանում էին նոր հասարակություն, ցանկանում էին տեսնել այնպիսի քաղաքական կամք, որը լուծում կտա խնդիրներին: Անկեղծ ասեմ, ինձ հարցնում էին՝ երբ Գյումրիում սկսվեց շարժումը, արդյո՞ք տեսնում էի, թե այն ուր կհասնի: Իմ պատասխանն՝ ոչ»:

Երեկ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին, շաբաթվա վերջին տարածաշրջան է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը տարածաշրջան նշանակում է, որ Հարավային Կովկասի նկատմամբ մեծացել է գերտերությունների մրցակցությունը հետաքրքրությունը և այդպիսով, նաև որոշակի մրցակցություն կա։

Հայաստանի իշխանությունները բացի ստանդարտ հայտարարություններից ու արձանագրություններից կարողանալու են ներկայացրել Հայաստանի շահերին համապատասխան արդյունավետ համագործակցության առաջարկ Միացյալ Նահանգներին, որը Հայաստանի խոշորագույն դոնորներից է և ազդեցիկ գործընկերներից:

Ի վերջո, գարնան իրադարձությունները որպես իշխանափոխության փաստ, թեև կայացել են, բայց առայժմ բացի հայտարարություններից՝ այլ կոնկրետ քաղաքականություն են պահանջում, անկախ նրանից, որ Փաշինյանը հայտարարում է, թե մեր հասարակությունը աշխարհաքաղաքական մոտեցմամբ չէ ժողովրդավարական սկզբունքների կրող: Ամեն դեպքում՝ հայ-ամերիկյան հարաբերություններում առաջնահերթությունների հարցը, տեսլականն առայժմ հայտնի չէ, նշանակում է, պետք է մտցվեն հստակություններ:

Հայաստանն, իհարկե, Աֆղանստանում, ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող մի շարք հումանիտար առաքելություններում ԱՄՆ-ի գործընկեր է, բայց կան աշխարհաքաղաքական որոշ հարցեր, որտեղ էլ մեր քայլերը կարող են անհասկանալի լինեն, կամ ավելի ճիշտ՝ ճշգրտման անհրաժեշտություն առաջանա, օրինակ` Իրանի հետ հարաբերությունների, և Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելը:

Այնպես որ, հայ-ամերիկյան օրակարգում հարցերը, ուղղությունները շատ են, հարկավոր է ճիշտ աշխատանք:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: