Ռուսները սցենար կգործարկե՞ն Փաշինյանի հրաժարականից հետո

Oct 18, 2018 Comments Off on Ռուսները սցենար կգործարկե՞ն Փաշինյանի հրաժարականից հետո

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նրա խոսքով, այս որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով: «Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական», – մեկնաբանել է Կալաշնիկովը՝ կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է հանգիստ անցկացնել Մոսկվայում»: – «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», – հավելել է նա:

Իրավամբ, Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավարը ճիշտ է նկատում, որ Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու համար Հայաստանում առանց վարչապետի և պաշտոնակատարներով այնքան էլ հարմար իրավիճակ չէ:

Բայց ինչ նկատի ունի Լեոնիդ Կալաշնիկովը, երբ նշում է, թե հոկտեմբերի վերջին Հայաստանում անկայուն վիճակը կարող է ստեղծվել: Իսկ գուցե ռուսները ինչ-որ սցենար ունե՞ն՝ Փաշինյանի հրաժարականից հետո…

Ի դեպ, երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր:

Ըստ ամենայնի, Մոսկվան խիստ մտահոգված է հայաստանյան ներքաղաքական գործընթացներով: Փաստորեն, Մոսկվայի հորդորներին, երբ նրանք կարևորում էին կայունությունը՝ Փաշինյանն, ինչպես ասում են, «երկու ոտքդ մի կոշիկի մեջ դրած»՝ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: