Իսկ եթե հանկարծ Փաշինյանի ասած 20 մլրդը չկա

Oct 21, 2018 Comments Off on Իսկ եթե հանկարծ Փաշինյանի ասած 20 մլրդը չկա

Մեդիամաքսը գործակալությունը պետական տարբեր ատյանների հարցումներ է ուղարկել, թե հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում որքան գումար է մուտքագրվել բյուջե: Հարցումներն ուղղվել են ՀՀ կառավարություն, Ֆինանսների նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե, ԱԱԾ, Ոստիկանություն: Միակ կառույցը, որը կոնկրետ թիվ է նշել՝ ՊԵԿ-ն է, մնացածները որևէ հստակ բան չես ասել, թիվ չեն նշել,  ներկայացրել են լղոզված և խուսափողական պատասխաններ:

 «2018 թվականի հունիսօգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, որոնց արդյունքում փաստացի պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ»,- տեղեկացրել են ՊԵԿ-ից:  

Իսկ ահա ԱԱԾ կոռուպցիայի դեմ  պայքարի առաջանամրտիկ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ներկա պահին ամփոփվում են 2018 թվականի մայիսի 8-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի  հանցագործությունների գործերով բյուջե մուտքագրված, ինչպես նաեւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատճառված եւ հատուցված գումարների չափերը, ուստի համապատասխան տվյալներ կտրամադրվի առաջիկա օրերին:  Իսկ  Ոստիկանությանը՝ նախ տեղեկացրել է, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պահանջվող տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում, ապա նաև հայտնել, որ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում քրեական գործերի շրջանակներում հավաքագրված, վերականգնված եւ պետբյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ հաշվառում չի տարվում։ «Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը ստանալու նպատակով առաջարկում ենք դիմել նախաքննություն իրականացնող մարմիններին»,- խորհուրդ են տվել ոստիկանությունից։

Կառավարությունից և Ֆինանսների նախարարությունից ևս հարցին սպառիչ պատասխան չեն տվել:  Պետական կառույցներին ուղղված բոլոր հարցումներում Մեդիամաքսը հարկ է համարել հիշեցնել, որ հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ  ստվերային տնտեսության դեմ մղված  պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել:Որտե՞ղ է այդ 20 մլրդը՝      ոչ ոք չգիտի: Միակ արձանագրված փաստը ՊԵԿ-ի ներկայացրած տվյալն է, առ այն, որ պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ: Իհարկե, լավ է, որ գոնե այդ 2 մլրդը կա, բայց 20 մլրդն ու 2 մլրդ-ը բացարձակ այլ իրողություններ են: Գուցե վարչապետը շփոթված կամ էլ ոգևորված է եղել, այդ պատճառով էլ թվերը ուռճացրել է: Ի վերջո, նախկինում ևս պետական այրերը նման բաներ անում էին: Բայց այս աստիճանի՞…. Անգամ ՀՀԿ-ն կամաչեր այս կարգի նկարչություն անել: Քանի որ Փաշինյաը պատրաստվում է հրաժարական տալ և առջևում արտահերթ խորհրդարնական ընտրություններ են,  պետք է անպայման հարցնել. ի վերջո, կոռուպցիան ու ստվերը ասֆալտին փռելու արդյունքում, որքա՞ն  գումար է ստացել պետությունը: Գրողը տանի, որտե՞ղ են   այդ վերականգնված գումարները, ինչ-որ մեկը տեսե՞լ է դրանք: Իսկ եթե հանկարծ այդ փողերը չկան…..

Հայկ Դավթյան  

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: