Քոչարյանի ճիշտ հաշվարկը

Oct 17, 2018 Comments Off on Քոչարյանի ճիշտ հաշվարկը

Հրապարակվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Bloomberg»-ին տված հարցազրույցի ավելի ընդարձակ հատվածը: Քոչարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են, որ գործող վարչապետը բավականին համոզիչ հաղթանակ կտանի: Ըստ Քոչարյանի՝ ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ «Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձևավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։ Խորհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։ Դրա համար էլ, կրկնում եմ, դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար»,- նշել է Քոչարյանը:

Քոչարյանի ասածը համոզիչ է այլընտրանքի բացակայության վտանգի մասին: Ակնարկը, թե նախորդ իշխանությունը կործանվեց հենց միաբևեռության պատճառով, իրավացի է, սակայն առաջացնում է մի շատ կարևոր հարց՝ ինչո՞ւ Քոչարյանը այն ժամանակ չփորձեց պայքարել այդ միաբևեռության դեմ: Քոչարյանը կարող էր մի քիչ ավելի անկեղծ լինել ու ինքնաքննադատաբար մոտենալ՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ստեղծած միաբևեռ համակարգը հանդուրժողների թվին դասելով նաև իրեն: Անդրադառնալով իր դեմ հարուցված գործին, կրկնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս գործը քննություն չի բռնի, և, այնուամենայնիվ, հույս հայտնել, որ չնայած իրավապահ համակարգի նկատմամբ ճնշումներին՝ Հայաստանի դատական համակարգը օբյեկտիվ որոշում կկայացնի: Քոչարյանը նաև հայտարարել է, որ ինքը վարչապետ Փաշինյանին անձնապես չի ճանաչում, սակայն համոզված է, որ Փաշինյանը Մարտի 1-ի համար իրենից անձնական վրեժ է լուծում:

Հանուն արդարության պետք է նկատել, որ այստեղ Քոչարյանի ասածը  համոզիչ չէ գոնե այնքանով, որ Փաշինյանը կալանավորվել և դատապարտվել է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Հետևաբար թերևս ավելի տրամաբանական կլիներ, որ անձնական վրեժն ուղղված լիներ Սերժ Սարգսյանին, եթե իհարկե Քոչարյանի դեմ հարուցված գործի շարժառիթը անձնական վերաբերմունքն է: Իսկ իրականում, եթ հաշվի չառնենք անձնական զրկանքները, բանտարկության տարիները լրջորեն նպաստել են Փաշինյանի կայացմանը՝ իբրև ընդդիմադիր քաղաքական գործիչ: Փաշինյանը՝ իբրև հեղափոխության առաջնորդ, որոշակիորեն նաև Մարտի 1-ից կուտակված քաղաքական կապիտալի ժառանգորդն է, հետևաբար այդ փաստը չէր կարող անձնական վրեժի առիթ լինել: Գուցե Փաշինյանը այլ պատճառ ունի՝ Քոչարյանին բացասաբար վերաբերվելու, տեսականորեն դա բացառված չէ, բայց Մարտի 1-ի գործոնը անձնական դաշտ տեղափոխելը թերևս Քոչարյանի նեղ անձնական կարծիքն է:

Պատասխանելով հարցին, թե ինչու են մարդիկ իրեն հակասական վերաբերվում, շատերն անգամ ատում են, նախկին նախագահը մտորելու տեղիք տվող պատասխան է տվել. «Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղվել։ Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը ևս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։ Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետևողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է։
Մարդիկ չեն հերքում, որ իմ նախագահության տարիներին սկսել են շատ ավելի լավ ապրել: Սակայն, կրկնում եմ, ես երբեք քայլեր չեմ արել, որպեսզի պաշտելի լինեմ։ Եվ չեմ կարծում, որ դա պարտադիր բաղադրիչ է հաջողակ պետական գործչի համար»,- ասել է Քոչարյանը:

Քոչարյանն իսկապես գործի մարդ էր և զանգվածներին կառավարելու և առաջնորդելու, կամ, ինչպես ինքն է ասում, հաճոյանալու շնորհքը իրենը չէր: Այդ հատկության բացակայությունը թերևս նրա լրջագույն թերությունն էր և ոչ առավելությունը: Քոչարյանը թերևս պետք է հասկանա, որ հասարակությունն այժմ ուզում է տրվել էմոցիաներին, նման պահանջ, գուցե, նախկինում ևս եղել է, և դա նորմալ է: Թերևս նորմալ չէ, որ պետության ղեկավարը և նրա թիմը չեն գիտակցել այդ էմոցիաների կարևորությունը: Կյանքն ու քաղաքականությունը զարմանալի շրջադարձեր են ունենում. որևէ մեկը չի կարող ասել, թե ով կպտտի պատմության անիվը մի քանի ամիս կամ մի քանի տարի անց: Ամեն դեպքում, Քոչարյանի այս պահի որոշումը՝ չառաջադրվել դեկտեմբերյան ընտրություններում, ճիշտ հաշվարկի արդյունք է:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: