Պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել. Ռոբերտ Քոչարյան

Oct 15, 2018 Comments Off on Պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել. Ռոբերտ Քոչարյան

Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ներկայացրել է այդ հարցազրույցից որոշ հատվածներ, հավելելով, որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:

Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։

Որովհետեւ տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ մարդիկ, իշխանության գալով, անպայման կփորձեն իրենց գործունեության ընթացքում այդ հարցին տալ առաջնահերթ նշանակություն։ Դրանից առաջ խորհրդարանական լսումներ էին տեղի ունեցել, հայտարարություններ, մեկնաբանություններ էին անում այդ հարցով։ Ակնհայտ էր, որ նրանք քայլեր են ձեռնարկում։

Նկատի ունեք, որ դա ինչ-որ վենդետա, անձնական հա՞րց է:

Իհարկե: Հաշվի առեք, որ վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, եւ ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու եւ պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան այստեղ ակնհայտ է։

Դուք հետ եկաք՝ ի պատասխան մղվող պայքարի։ Ըստ էության՝ Դուք վերադարձաք քաղաքականություն։ Ինչո՞ւ վերադարձաք։

Ասում են, որ նախագահներն ընդհանրապես քաղաքականությունից չեն հեռանում։ Ես վերջին տասնամյակում պասիվ եմ եղել, հանդես եմ եկել տարին մեկ-երկու անգամ՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությամբ, ելույթ եմ ունեցել միայն այն հարցերով, որոնք հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, եւ ես իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դիրքորոշումն այդ հարցերի շուրջ: Դա, այսպես ասած, քաղաքական պասիվ մասնակցություն էր։ Սակայն այն, ինչ սկսեց տեղի ունենալ (ս.թ. մայիսից. խմբ.), ինձ շատ էր անհանգստացնում, եւ այստեղ անձնական հարց դրված չէ: Հարցը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում։

Ի՞նչ նկատի ունեք «լայն համատեքստ» ասելով։

Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին եւ ինչը փաստացի կատարվում է այժմ: Խնդրահարույց այն հարցով, որ այս ամենը տեղի է ունենում շատ մեծ էյֆորիայի ալիքի տակ, որն ունի դրական եւ բացասական կողմ։ Դրականը մարդկանց «ազատագրվելն է», այսպես՝ զանգվածայնորեն հանդես գալն ընդդեմ բացասական երեւույթների, որոնք երկրում տեղի էին ունենում: Սակայն դրա հետ միաժամանակ սա քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է եւ իսկապես վտանգավոր իրավիճակ` նոր մենաշնորհային իշխանության ձեւավորման համար։

Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստն քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր։

Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձեւավորմանը։

Արդյոք դա նշանակում է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ հավասարակշռություն ապահովելու համար։

Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձեւավորմանը։

Ինչպե՞ս։

Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել եւ անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։

Ամենակարեւորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: