Իսկ ո՞վ է ներողություն խնդրելու Հովիկ Աբրահամյանից

Oct 16, 2018 Comments Off on Իսկ ո՞վ է ներողություն խնդրելու Հովիկ Աբրահամյանից

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է և պարզվել, որ մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների և գործարանում առգրավված զենքերի միջև համընկնում չկա: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ այժմ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու հոդվածով:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց,  որտեղ ասվում էր, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ձերբակալվել էին, ապա վերջինս կալանավորվել է՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:

Հովիկ Աբրահամյանն անմիջապես արձագանքել էր և մեր կայքին տված մեկնաբանության մեջ նշել, որ ինքը ո’չ այդ զենքի, ո’չ էլ Մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չունի: Փաստորեն, ուղիղ երկու ամիս անց ՀՔԾ պետը հաստատում է, որ հայտնաբերված զենքերը Մարտի 1-ին չեն օգտագործվել՝ համընկնում չկա: Այդ դեպքում արդյո՞ք ԱԱԾ-ի տարածած նախկին հաղորդագրությունը, որտեղ, փաստորեն, բացարձակ անհիմն նախկին վարչապետի անունը կապվել էր Մարտի 1-ի հետ, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քաղաքական ճնշում բանեցնելու և նրա անունն ու համբավը վարկաբեկելու փորձ չէր: Ի վերջո ի՞նչ է նշանակում մարդուն վերագրել ազգի դավաճանի կերպարի հետ ասոցացվող հանցանքի մեղսակցություն, իսկ  հետո ասել՝ համընկնում չկա:

Հասարկության մեջ առաջին ինֆորմացիան միշտ ավելի հիմնավոր և մնայուն է լինում: Երկու ամիս առաջ ամբողջ ազգը խոսում էր, որ Հովիկ Աբրահամյանի տարածքից ԱԱԾ-ն հայտնաբերել է այն զենքերը, որոնցով Մարտի 1-ին կրակել են: Բոլոր հեռուստաընկերություններով պտտվում էր հայտնի տեսանյութը՝ Մարտի 1-ի կադրերով և նախկին վարչապետի լուսանկարով: Տեղի ունեցածը անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, մարդու իրավունքների ոտնահարում: Հետաքրիքր է՝ այս ամենի համար ո՞վ է ներողություն խնդրելու Հովիկ Աբրահամյանից: Խնդիրն այստեղ բնավ Հովիկ Աբրահամյանի անձը չէ: Անկախ նրանից՝ ում մասին է խոսքը, առանց հիմնավոր փաստերի, չի կարելի մարդուն մեղադրել ու վարկաբեկել, իսկ հետո հայտարարել, թե ժամանակին այնքան էլ ճիշտ չէին: Չի՛ կարելի, հատկապես, երբ խոսքը ԱԱԾ-ի պես լուրջ կառույցի հայտարարությանն է վերաբերում:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: