Քոչարյանը Պուտինից է այլընտրանք ակնկալում

Oct 17, 2018 Comments Off on Քոչարյանը Պուտինից է այլընտրանք ակնկալում

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Bloomberg լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին. «Ես չեմ  մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը: Այժմ ընտրություններ անցկացնելը ճիշտ չի լինի և առաջին հերթին հենց Փաշինյանի համար»,– «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասել է Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ըստ Քոչարյանի, որպես կուսակցություն ձևավորված չէ, և հասկանալի չէ, թե ինչպես է այդ կուսակցությունն իր վրա երկիրը կառավարելու բարձր պատասխանատվություն վերցնելու։ «Ակնհայտ է, որ նրանք իրենց մոտ չեն ներգրավում պրոֆեսիոնալների»,– նշել է Քոչարյանը և հավելել, որ նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մոնոպոլիան փոխարինվում է մյուսով:

Նա քննադատել է երկրի նոր իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը». «Ես նկատում եմ նոր կառավարության թերությունները, դրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն»,- ասել է 64-ամյա Քոչարյանը:   «Bloomberg»-ը մինչ հարցազրույցի  հրապարակումը Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին հոդված է հրապարակել «Պուտինի դաշնակիցը գլխավորում է հակահարձակումը Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ» խոհրդանշական վերնագրով: Գործակալությունը գրում է, որ ժողովրդավարական թավշյա հեղափոխությունից հինգ ամիս անց Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Հայաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն:

Հոդվածում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է ազատազրկվել մեկ տասնամյակ առաջ իր նախագահության ավարտին ցուցարարների մահվան գործով, քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության «հեղափոխական ռոմանտիզմը»: Բլումբերգը հիշեցնում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ջերմագին շնորհավորանքը» Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Նշվում է նաև, որ Քոչարյանի ձերբակալությունից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բողոքեց՝ նշելով, որ Մոսկվան իր մտահոգություններն է հայտնել Հայաստանի իշխանություններին մի շարք հարցերում:

Առաջին հայացքից՝ դեռ չհրապարակված հարցազրույցը և դրան հաջորդած հրապարակումը Պուտինին ուղղված մեսիջ են: Հայաստանում թավշյա  հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել և ժողովրդի բացարձակ մեծամասնության մոտ վայելում է բացառիկ ժողովրդականություն: Քոչարյանը փաստացի ներկայացվում է հակահեղափոխության կենտրոն, միաժամանակ Պուտինի մտերիմ: Ըստ երևույթին «Bloomberg»-ի միջոցով Քոչարյանը փորձել է Կրեմլից քաղաքական աջակցություն ստանալու հարց բարձրացնել: Խոսքը ամենևին էլ ընտրությունների ժամանակ Պուտինի աջակցությամբ Քոչարյանին խորհրդարան բերելուն չի վերաբերում: Խնդիրն ավելի շատ Հայաստանի ներկա  իշխանությանը ռեալ այլընտարանք ձևավորելուն է վերաբերում: Կրեմլն ու Պուտինը թերևս կարող են շահագրգիռ լինել այդ այլընտրանքի ձևավորման հարցում:

Իր հարցազրույցում Քոչարյանը իրավացիորեն շեշտում է այլընտրանքի բացակայության հարցը, որը Հայաստանի ներկա քաղաքական համակարգի առանցքային բացթողումն է: Հատկանշական է, որ նույն օրը ռուսական «Կոմերսանտ»-ը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այս շաբաթվա սկզբին այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: «Կոմերսանտ»-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Հայաստանի նախագահի զրույցները պաշտոնական բնույթ չեն կրել, կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանում ակնկալվող խորհրդարանական ընտրությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, ում Երևանում մեղադրանքներ են առաջադրվել՝ սահմանադրական կարգը տապալելու համար:

Ըստ երևույթին Արմեն Սարգսյանը ևս խորհրդարանական ընտրությունների հետ կապված քննարկելու հարցեր ունի Մոսկվայում: Խնդիրն այս փուլում կարող է դիտվել 30 տոկոս ընդդիմադիր մանդատները իրական այլընտրանքի վերածելու համատեքստում:

 

  Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: