Սահուն անցում՝ Մարտի 1-ի թեմայից դեպի ապօրինի հարստացում. կհարուցվի՞ նոր գործ  Քոչարյանի դեմ  

Oct 16, 2018 Comments Off on Սահուն անցում՝ Մարտի 1-ի թեմայից դեպի ապօրինի հարստացում. կհարուցվի՞ նոր գործ  Քոչարյանի դեմ  

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի և Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված գործերին: Քոչարյանի գրասենյակը այդ գործերի հարուցումը դիտարկում է նրա դեմ ձեռնարկված քայլ:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն տարածել է հայտարարություն, որը վերաբերում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:

«2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

ԱԱԾ-ն նաև տեսանյութ է տարածել, որտեղ կա երկու հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից, որոնցից մեկը «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցից է, մյուսը՝ արդեն 2018թ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որտեղ նախագահը խոսում է Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին:

Իսկ հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Ըստ մամուլի՝ նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Դարձյալ, համաձայն մամուլի, այդ գումարը պետք է հասներ Ռոբերտ Քոչարյանին: Եվ ահա Քոչարյանը ընդունում է մարտահրավերը և բաց տեքստով հայտարարում է, որ կոնկրետ այս երկու անձանց դեմ գործ է հարուցվել Քոչարյանին հարվածելու նպատակով:

«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։ Ակնհայտ է, որ դա արվում է սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։ Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում։

Հիմա, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին․ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե լինելով նախագահի պաշտոնում, թե, առավել եւս, պաշտոնավարումից հետո։ Դրա համար գոյություն ունեն կադաստրի եւ ռեեստրի պետական համապատասխան ծառայությունները։ Այս ամենը մի բան է նշանակում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, բայց արդեն կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո։ Եվ դա արվում է դեռեւս պաշտոնավարող այն պաշտոնյաների կողմից, որոնք հրապարակայնորեն «բռնվել են» Քոչարյանի կալանքի հարցում դատավորի վրա ճնշում գործադրելու հանցավոր դավադրության մեջ:

Ինչ վերաբերում է Սիվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբեւէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»,- ասվում է Ռոբերտ Քորարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն էլ, անշուշտ, փողերի լվացման գործով տեսանյութում Քոչարյանի կադրերը պատահական չի օգտագործել: Ե՛վ Արմեն Ավետիսյանը, և՛ Սամվել Մայրապետյանը համարվում են Ռոբերտ Քոչարյանի մերձավորները: Սրանք մարդիկ են, որոնց միջոցով Քոչարյանը, ըստ շրջանառվող լուրերի, որոշ բիզնեսներ է հիմնել: Եվ հիմա ԱԱԾ-ն որոշել է փոխել մարտավարությունը և Մարտի 1-ի թեմայից սահուն անցում կատարել դեպի ապօրինի հարստացում: Քոչարյանը կարծես թե չի էլ թաքցնում, որ յուրայինների հանդեպ ճնշումներիը իրեն անհանգստացնում են: Անհանգստության հիմքեր անշուշտ կան: Երկու դեպքում էլ փորձ է արվելու յուրայիններին օգտագործել Քոչարյանի դեմ՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման իրեղեն ապացույցներ ստանալու նպատակով: Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործին Կրեմլը ակնհայտ միջամտություն ցուցաբերեց. Քոչարյանի կալանքը վերացվեց, Խաչատուրովը  գրավի դիմաց ազատ արձակվեց, նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին Ռուսաստանը չհանձնեց քաղաքացիության պատրվակով:

Մինչև ուր կհասնի ապօրինի հարստացման և փողերի լվացման թեման, կհարուցվի՞ արդյոք նոր գործ Քոչարյանի դեմ,  ցույց կտա ժանանակը:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: