Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուշագրավ հետևանքը. ովքե՞ր կառաջադրեն վարչապետի թեկնածու

Oct 17, 2018 Չի մեկնաբանվել

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, որպեսզի երկրում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Մինչ այդ Փաշինյանն արդեն ակտիվ բանակցություններ է վարել խորհրդարանական ուժերի հետ, որպեսզի իր հրաժարականի դեպքում նրանք վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Փաշինյանը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, իսկ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում վարչապետի նոր թեկնածու առաջադրել: Առայժմ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածուի առաջադրման մասին որևէ հայտարարություն չեն արել Ելք խմբակցությունն ու ՀՅԴ-ն:

Իրականում, եթե վարչապետի հրաժարականից հետո վարչապետի որևէ թեկնածու խորհրդարանական որևէ ուժի կողմից չառաջադրվի, ապա երկրում իրավական կազուս կառաջանա: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մեկնաբանելով վարչապետի հրաժարականով պայմանավորված Ազգային ժողովի լուծարման սահմանադրական հիմքերը, Ֆեյսբուքի իր էջում մասնագիտական պարզաբանում է ներկայացրել:

Վարչապետի հրաժարականից հետո, եթե խմբակցությունները չառաջադրեն վարչապետի թեկնածու, ապա քվերակություն չի լինի և այդ հիմքով էլ բնականաբար առաջին փուլում վարչապետ չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Խնդիրը, ըստ Զոհրաբյանի,  ծագում է երկրորդ փուլում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: «Ինչպես տեսնում ենք, առանց՝ առաջին փուլում թեկնածուի առաջադրման,  քվեարկության և չընտրվելու փաստի արձանագրման, երկրորդ փուլը չի կարող սկսվել, քանի որ 7 օրյա ժամկետի սկիզբը դրված է քվեարկության պահից:

Հատկանշական է, որ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի միջև 08.10.2018թ. ստորագրված հուշագրով «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվել է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի:
ՀՀԿ խմբակցությունը 09.10.2018թ. հայտարարել է, որ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն,- նշում է Զոհրաբյանը և ամփոփում ասելքը՝ նշելով.- իրավական առումով, երբ վարչապետը հրաժարական տա, ապա դա կհանգեցնի կառավարության հրաժարականին, իսկ ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի:

Հետևաբար, վարչապետի հրաժարականի միջոցով Ազգային ժողովն արձակելու ցանկությունն իրագործելը հնարավոր է միայն ԱԺ մեծամասնությունը կազմող պատգամավորների հետ պայմանավորվածությամբ՝ վարչապետի թեկնածու առաջադրելու և նրան չընտրելու միջոցով: Սա նշանակում է, որ ԱԺ-ն «պաշարելու» սցենարը չի կարող աշխատել, իսկ վարչապետի թեկնածուին (եթե նույնիսկ ապահովության համար Նիկոլ Փաշինյանն առաջադրված լինի) ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը կարող է ընտրել (կրկին ընտրել)»:

Ստացվում է, որ  ֆորմալ առումով  Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու անպայման պետք է առաջադրվի, բայց չընտրվի՝ չհավաքելով համապատասխան ձայներ: Դժվար է ասել՝ ԱԺ ուժերի հետ քննարկումների ժամանակ Փաշինյանն այս հնարավորությունը քննարկել է, թե ոչ, սակայն տեսականորեն չի բացառվում, որ հենց Ելք խմբակցությունը կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին, սակայն կոչ անելով, որ պատգամավորները նրան կողմ չքվեարկեն: Կարող է նաև այլ թեկնածու ևս առաջադրվել, նույն պայմանով: Այս հարցում Փաշինյանին կարող է օգնել, օրինակ, ՀՅԴ-ն:

 

   Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուշագրավ հետևանքը. ովքե՞ր կառաջադրեն վարչապետի թեկնածու”

Մեկնաբանել