Գազի և էլեկտրական էներգիայի գին. ո՞ւմ շահերն են տուժելու

Oct 15, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանը Ռուսաստանից մատակարարվող բնական գազի դիմաց մինչև այս տարվա վերջը վճարելու է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Հայ-ռուսական նախորդ գազային պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2018 թվականի նոյեմբերին: Օգոստոսին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն էր ձեռք բերել պայմանագիրը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Բայց միաժամանակ 2019 թվականի համար գազի մատակարարման սակագնի հարցի վերաբերյալ այս պահին դեռ վերջնական մոտեցում կարծես թե չկա: Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ստեղծվել էր գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ:

Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հանձնարարություն է տվել էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին՝ հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։ Ըստ Բաղրամյանի՝ ռուսական կողմի հետ մի հանդիպում արդեն եղել է, այլ մանրամասներ, սակայն, հայտնի չեն։ Փաշինյանը նաև տեղեկացրել էր, որ հնարավոր է` նոյեմբերի 8-ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մի հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։ Մինչ այդ գազի սակագինը ուսումնասիրող աշխատանքային խմբի առաջարկները պետք է արդեն պատրաստ լինեն, որը հնարավորություն կտա բանակցել գազի գնի իջեցման հարցի շուրջ: Օրինակ՝ առաջարկել, որ 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։ «Անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով»,- ՖԲ եթերում հայտարարել էր Փաշինյանը։

Մինչ այդ գազի և էլէներգիայի սակագնի հիմավորածությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը հայտարարել էր, որ Հայաստանում հնարավոր է գազի սակագինը նվազեցնել 10 տոկոսով, իսկ  էլեկտրաէներգիայինը՝ 10 դրամով: Փորձագետն ասել է, որ նման եզրակացության հանգել է աշխատանքային խումբը՝ նախնական դիտարկումների արդյունքով: Սակայն այս հայտարարությանը անմիջապես հակադարձեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նման տեղեկատվության տարածումը մանիպուլիացիա համարեց՝ պնդելով, որ գազի իջեցման 10 տոկոսի հնարավորությունը չկա՝ դա իրատեսական չէ: ՀԷՑ-ից ևս պնդում  են, որ 10 դրամ սակագնի իջեցում անելու մասին խոսելն անտեղի է:

Մատակարար ընկերությունների կատեգորիկ վարքագիծը հասկանալի է, որովհետև այստեղ շահերի շատ լուրջ բախում կա: Բնական է, որ նրանք դեմ են լինելու սակագնի իջեցմանը: Բայց և՛ գազի, և՛ հոսանքի սակագների դեպքում կա շատ պարզ վիճակագրություն, որը փաստում է, որ Հայաստանի սպառողները  ամենաբարձր գինն են վճարում հետխորհրդային երկրների տարածքում: Փորձագետը բարձրացրել է բարձր տեխնիկական կորուստների հարցը, որը նրա պնդմմաբ, չի կարելի ներառել սակագնի մեջ: Հաջորդ խնդիրը կառավարչական ծախսերն են, որոնք ևս սակագնի կառուցվածքի մեջ մեծ ծավալ են գրավում: Ի վերջո, ոչ մի կերպ պատասխան չի ստանում այն հրացը, թե ինչու է 1000 խմ գազը, որի դիմաց «Գազպրոմ Արմենիան» սահմանին վճարում է 150 դոլար, Հայաստանի շարքային սպառողին վաճառում 290 դոլարով: Ինչ վերաբերում է էլէներգիային. այդ ինչպե՞ս է ստացվում, որ սեփական էներգետիկ ռեսուրսներ /ներառյալ արևային, հիդրո և ատոմային էներգիան, որն ամենաէժանն է աշխարհում/ ունեցեղ Հայաստանում հոսանքն ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում, որտեղ էներգիան ներմուծում են այլ երկրներից:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Գազի և էլեկտրական էներգիայի գին. ո՞ւմ շահերն են տուժելու”

Մեկնաբանել