Փաշինյանի հրաժարականն ու Ալիևի «ախորժակը»

Oct 15, 2018 Չի մեկնաբանվել

«Եթե Հայաստանի ղեկավարությունը իրեն ժողովրդավար է համարում և խոսում խաղաղության մասին, այդ դեպքում նրանք պետք է գործեն ժողովրդավարական արժեքներին համապատասխան և պայմաններ ստեղծեն ադրբեջանական բնակչության՝ իրենց տները վերադառնալու համար, ինչպես նաև դուրս բերեն զորքը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրի դիվանագիտական գերատեսչությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «մասնակցել կառուցողական բանակցություններին՝ ուղղված հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելուն և կարճ ժամկետներում Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրելուն»: «Քանի դեռ այդ ամենը չի արվել, Հայաստանի ղեկավարության՝ խաղաղ բանակցությունների առաջմղման մասին բոլոր հայտարարությունները մնում են պարզապես բառեր», – պնդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Բաքվից նման հայտարարության համար, թերևս, հիմք է ծառայել երեկ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ղարաբաղյան հատվածը: Հիշեցնենք, որ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտություն է։

«Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ», նշել էր նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին այցելելու են տարածաշրջան, նախօրեին այս մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ Համանախագահների այդ այցից հետո կարելի կլինի որոշակի պատկերացում պարզել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը շաբաթներ առաջ չէր բացառել, որ տարեվերջին կարող է նման հանդիպում անցկացնել: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ հաջորդ շաբաթ Փաշինյանը հրաժարական է տալու, և դեկտեմբերին ընտրություններ կանցկացվեն, և դրանից հետո՝ ինչ մթնոլորտ կլինի Հայաստանում, կարելի է ենթադրել, որ հազիվ թե Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր լինի կազմակերպել այս տարեվերջին:

Ամեն դեպքում, Փաշինյանի Դուշանբեում Ալիևի հետ իր մի քանի րոպեանոց հանդիպումից հետո վստահեցրեց, որ սահմաններում կայունություն պահպանելու պայմանավորվածություն է ձեռքբերվել և Ադրբեջանի հետ օպերատիվ կապ ունենալու շուրջ են խոսել: Վերջինի հետ կապված, առայժմ տեղեկություններ չկան:

Իսկ Փաշինյանի հրաժարականից հետո ինչպե՞ս իրեն կդրսևորի Ալիևը՝ ցույց կտա ժամանակը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փաշինյանի հրաժարականն ու Ալիևի «ախորժակը»”

Մեկնաբանել