Կանցնի սելֆիների ու միտինգների ժամանակը, կգա կոնկրետության պահանջը

Oct 13, 2018 Չի մեկնաբանվել

Պատվիրված հոդվածներ տպագրվում են նույնիսկ աշխարհի քաղաքակիրթ երկրների հեղիանակավոր պարբերականներում: Ամերիկյան մամուլն էլ բացառություն չէ: Ադրբեջանական լոբբիի ազդեցության հիմքով այս տարիների ընթացքում բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել, միլիոնավոր դոլարներ են ծախվել և դրանց մասին փաստերը ջրի երես են դուրս եկել արդեն այլ լրատվամիջոցների հետաքննական նյութերում:

«Հայաստանը գտնվում է անիշխանության իրավիճակում, այսինքն անօրինության կամ քաղաքական անկարգության մթնոլորտում՝ պետական իշխանության բացակայության պատճառով։ Հայաստանի ինստիտուցիոնալ ապաինտեգրացիան կարող է ծանր հետևանքներ ունենալ Եվրոպայի և Կովկասի համար», Washington Times-ի իր հոդվածում գրել է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետդեպի նախկին աշխատակից Ադամ Էրելին:

Նույնիսկ պատվիրված հոդվածները՝ թե՛ դրսից, թե՛ ներսից, նույնիսկ՝ Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպանի ու Պետդեպի նախկին աշխատակցի մատուցմամբ, կիսաճշմարտությունները պետք է նկատի առնել՝ զգոնությունը չկորցնելու համար: Եթե նման հրապարակումներ չլինեն՝ կնշանակի Հայաստանն առհասարակ որևէ մեկին չի մտահոգում:

Բայց կարևոր է, որ մենք էլ մեզանում որքան հնարավոր է անկեղծ լինենք հարցադրումների առումով և պատասխաններ ստանալու համատեքստում մտորելիս: Հայաստանում որևէ մեկը վստահաբար չի ցանկանում, որ երկիրը մնա ճահճացման մեջ, ավելին՝ հայտնվի ավելի մեծ անորոշության մեջ, քան այսօր է:

Ժողովրդի վստահությամբ իշխանության եկած թիմը պետք է նկատի առնի, որ Հայաստանի հասարակությունը նախորդ բոլոր իշխանություններից հիասթափվել է և այդ հիասթափության հիմքի վրա այսօր ունենք մի հասարակություն, որի մեծ մասը, կարող ենք ասել՝ անվերապահ, վստահում է իշխանությանը:

Փաշինյանն իր իշխանությունն ամրապնդելու հարցում շարունակելու է հիմնվել հասարակական աջակցության վրա, բայց դա հավերժ չի: Նա էլ գիտակցում է, որ այդ վստահությունը կամաց-կամաց մարելու է, այդ իսկ պատճառով շտապում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների:

Կանցնեն ընտրությունները, Փաշինյանի պատկերացրած խորհրդարանը կձևավորվի: Իսկ հետո՞… Պետության տնտեսական զարգացման ծրագիր, դրա իրագործումը, ներդրումներ, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, արտաքին քաղաքականությունում՝ գործընկերների հետ արդյունավետ աշխատանք, Ղարաբաղում կայունություն…

Այս ամենն իսկապես ծանր բեռ է, և հասարակությունը հետևելու է և ակնկալելու է կոնկրետ արդյունքներ՝ առօրյա կյանքում: Սելֆիներով, միտինգներով հասարակությանը ևս մեկ տարի զբաղեցնել ոչ միայն չի ստացվի, այլև որոշակի պահից սկսած դա արդեն անիմաստ է լինելու:

Իշխանության ղեկին գտնվող ուժը պետք է հաշվետու լինի, թե կոնկրետ որ ոլորտում ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ արդյունքների է հասել:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կանցնի սելֆիների ու միտինգների ժամանակը, կգա կոնկրետության պահանջը”

Մեկնաբանել