Թրամփի բանագնացը Երևանում. Քննություն Փաշինյանի համար

Oct 14, 2018 Comments Off on Թրամփի բանագնացը Երևանում. Քննություն Փաշինյանի համար

Այսպես, պաշտոնապես հաստատվեց. Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկող շաբաթվա վերջին աշխատանքային այցեր կկատարի Ռուսաստան և Հարավային Կովկաս՝ այդ թվում Հայաստան: Այդ մասին Բոլթոնը գրել է իր թվիթերյան էջում:

«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում», – գրել է Բոլթոնը: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան չի հայտնում:

Ջոն Բոլթոնը, ով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է այս տարվա ապրիլից, հայտնի է պաշտոնական Թեհրանի և Դամասկոսի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ, ինչ փաթեթով է գալիս Երևան Բոլթոնը, կոնկրետ ինչ խնդիրներին է նա անդրադառնալու ՀՀ իշխանությունների հետ բանակցություններին…

Առհասարակ, այս այցը կարելի է համար Վաշինգտոնի կողմից վերջապես Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության ուղղությամբ կոնկրետ քայլ: Այդ այցը կարող է ունենալ կոնկրետ արդյունքներ՝ բխող հետևանքներով: Մասնավորապես Հայաստանի դիրքորոշումը Իրանի ու Սիրիայի նկատմամբ: Հայ-ռուսական զորախմբի գործուղումը՝ Սիրիա, ինչպես կանխատեսել են փորձագետները, կարող է խնդիրներ առաջացնել Վաշինգտոնի համար:

Բոլթոնի այցը Հայաստան, կտա պատասխաններ՝ Հայաստանի հետ իշխանությունների հետ հետագա համագործակցության ուղղությունների շուրջ: Օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Այդ միջոցները նաև կուղղվեն Վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը ներառում է երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն, քաղաքական ներառում, օրենսդրական հզորացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ: Տնտեսական աճի ասպարեզում ծրագրերի շրջանակում փորձ կարվի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսության աճի բարձր ներուժ ունեցող ճյուղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը և խթանելով նորարարությունը: Աջակցություն կլինի նաև էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխումների և միջսահմանային առևտրի ու ինտեգրման հարցերում:

Ռիչարդ Միլսն օրերս հայտարարեց, որ դեսպանությունում ուշադիր հետևում են ՀՀ-ի ներքին քաղաքական զարգացումներին. «Հոկտեմբերի 2-ին ինչպես բոլորը, մենք նույնպես հետևում էինք, և ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց»: Ըստ նրա՝ իրենք ուզում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ ու թափանցիկ, դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում լինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն. «Տարբեր կողմերի հետ իմ զրույցների ժամանակ ինձ համար պարզ է դառնում՝ սա այն է, ինչ բոլորը ցանկանում են. կա պատրաստակամություն ընդհանուր փոխզիջումների գալ»:

Ամերիկյան վարչակազմը ներքաղաքական զարգացումներին ուղիղ միջամտություն, իհարկե, թույլ չի տա, բայց կարևոր են լինելու Հայաստանի իշխանության տեսլականը, քայլերը, թե ինչ ուղղությամբ են զարգացում պատկերացնում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: