Վանաձորում փորձել են սպանել քրեական հայտնի հեղինակությունների. մանրամասներ (լուսանկարներ). ՀԺ

Oct 12, 2018 Comments Off on Վանաձորում փորձել են սպանել քրեական հայտնի հեղինակությունների. մանրամասներ (լուսանկարներ). ՀԺ

Նախօրեին երեկոյան Վանաձորի «Նավ» ռեստորանի բակում հնչած կրակոցներով փորձել են սպանել քրեական հեղինակությունների:

ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 3 տղամարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ 41-ամյա Գևորգ Նավոյանը, մասնակցելիս են եղել վերջինիս հարազատներից մեկի հոգեհանգստին: Մինչ ժամը 18-ը, երբ տեղի էր ունենալու հոգեհանգիստը, վիրավորում ստացած տղամարդիկ մտել են սգո սրահի հարեւանությամբ գործող նշված ռեստորան, հաց կերել, այնուհետեւ, երբ ռեստորանից դուրս են եկել, նրանց է մոտեցել Վազ-21-07 մակնիշի ավտոմեքենան, ինքնաձիգից կրակոցներ արձակել ու անմիջապես դիմել փախուստի: Ավելի ուշ ավտոմեքենան ամբողջովին այրված վիճակում հայտնաբերվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում:

Դեպքից մինչ այս պահը Վանաձորում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի, Բազումի եւ Գուգարքի բաժնի ծառայողները, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն ու մի շարք այլ իրավապահ կառույցներ: Մարզկենտրոնի բոլոր փողոցներում ոստիկանությունը «պոստեր» է տեղակայել: Մեզ հասած տեղեկություններով, դեպքից մինչ այս պահը Վանաձորի իրավապահները շուրջ 2 տասնյակ բնակարաններ են այցելել, բազմաթիվ անձինք են տարվել ոստիկանության բաժիններ, բազմաթիվ հարցաքննություններ են կատարվել նրանց հետ, ովքեր որեւէ կերպ հնարավոր է առնչություն ունեցած լինեն աղմկոտ կրակոցների հետ:

Մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քրեական հեղինակություններից մի քանիսը դիմել են փախուստի, իրավապահները նրանց բնակարաններում ու քաղաքում չեն գտնում: Մարզկենտրոնում ոստիկանների կողմից իրականացվում են մեծամասշտաբ օպերատիվ գործողություններ, որոնք հիմնականում առնչվում են քրեական անցյալ ունեցող անձանց հետ:

ՀԺ-ի աղբյուրի փոխանցմամբ, Գեւորգ Նավոյանը Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է, ով Հայաստան էր ժամանել վերջերս, հարազատներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելու համար եւ օրեր առաջ արդեն պետք է մեկնած լիներ Մոսկվա, սակայն հարազատի մահը հետաձգել է Մոսկվա այցը:

Ի դեպ, մեքենան, որից կրակոցներ են արձակվել, գնվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն գնորդը մեքենայի անվանափոխում չի իրականացրել: Ստացվում է, որ նախօրեին Վանաձորում հնչած կրակոցները հնարավոր է հնչեին նաեւ օրինակ Երեւանում, ու չի բացառվում, որ հեղինակություններին սպանել ցանկացող անձինք հետեւել են վիրավորներին, եւ հարմար պահի կրակել:

Վանաձորցիները չեն բացառում, որ հնչած կրակոցները հնարավոր է շարունակություն ունենան: Ոստիկանության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: