Փաշինյանը իշխանության է վերադարձնում «լեւոնականներին»

Oct 14, 2018 Չի մեկնաբանվել

Արդեն երկու ամիս է Մարալիկ համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Մի խումբ մարդիկ համառորեն ցանկանում են թավշյա հեղափոխությունը հասցնել Մարալիկ՝ հաշվի չառնելով, որ համայնքում մի ստվար հատված աջակցում է իր քաղաքապետին, որը 13 տարի է ղեկավարում է քաղաքը, սակայն ՀՀԿ-ական է ու այդ պատճառով հայտնվել է թիրախում։ Հեղափոխականներն այնքան ակտիվացան, որ գրոհեցին նաեւ քաղաքապետարանի շենքը, վերջին օրերին նրանք նորից ակտիվություն են դրսեւորել, ինչը հանրային որոշակի շրջանակների ուշադրությանն արժանացավ։ Եւ, ահա, այս նպատակով հոկտեմբերի 11-ին Մարալիկ մեկնեց «Ադեկվադ» հաղորդաշարի ստեղծագործական խումբը, որի հեղինակները Վովա Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն է եւ Արթուր Դանիելյանը, որը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, ամենաղմկահարույցը բանակին լվացքի մեքենաներ նվիրելու իդեան էր։ Մարալիկ այցելելու հիմնական նպատակը հեղինակների բացատրությամբ՝ տեղում նկարահանումներ անելն էր ու պարզելը, թե ինչու է քաղաքում իրենց հեղափոխական հռչակած, ժամանակին ազատազրկված Հարություն Ուռուտյանի «բանդան» Մարալիկը վերցրել հսկողության տակ։ Այցը վեր է հանել համայնքում տիրող անառողջ մթնոլորտը։

Մի ողջ օր հաղորդման հեղինակները ուղիղ եթերով ցուցադրում էին, թե ինչ է կատարվում Մարալիկի փողոցներում եւ ի տես դարձավ, որ 15-20 հոգանոց մի խումբ՝ հիմնականում երիտասարդներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը, կաթվածահար անում աշխատանքները։ Սակայն, երբ հաղորդավարները պատկերն արձանագրեցին ցուցարարների մոտ, վերջիններս կորցրեցին ինքնատիրապետումը, հարձակվեցին խմբի օպերատորի եւ Նարեկ Մալյանի վրա, քաշքշեցին նրանց, բանը հասավ ոստիկանությանը։ Այսօր հրավիրված ասուլիսում Նարեկ Մալյանը հայտարարեց, թե իրենց անգամ սպառնացել են, որ Մարալիկից «սաղ դուրս չեք գա», քանի որ Մալյանի խոսքով՝ իրենց համարում են հակահեղափոխական։ Եւ ահա, այսօր Մարալիկ գործուղվեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, նա հանդիպել է ՀՀԿ-ական քաղաքապետի հետ եւ առաջիկա օրերին ստուգումներ կսկսեն։

Դավիթ Սանասարյանը հորդորել է նաեւ մարալիկցիներին ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիաները, մինչեւ պարզվի ստուգումների արդյունքները։ Փաստորեն, իշխանությունը գործում է նույն ձեռագրով, սկզբում յուրային մի քանի հոգով բողոքի ակցիաներ է կազմակերպում, հետո էլ պետական լծակների միջոցով ընտրված համայնքապետերին պարտադրում հրաժարական։ Պարզ է չէ, որ հիմա նույնիսկ Փաշինյանի նախարարներին էլ ստուգեն, մի տեղ, մի բան կգտնեն, առավել եւս ՀՀԿ-ի դեպքում։ Դավիթ Սանասարյանը մի քանի օր առաջ էլ հյուրընկալվեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, որի երկարամյա գյուղապետը հրաժարական ներկայացրեց, թեպետ համայնքում նրա նկատմամբ կար ընդգծված հարգանք ու աջակցություն։ Իսկ արդյունքում պետությունում ստեղծվում է արատավոր նախադեպեր, որ շանտաժի ու սպառնալիքի ճանապարհով կարելի է ոչնչացնել անգամ ընտրովի մարմինները։

Հ․Գ․-Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ով է Հարություն Ուռուտյանը, հիշեցնենք, որ նա 2008թ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մարալիկ քաղաքի նախընտրական շտաբը։ Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում Հ. Ուռուտյանը 2008թ փետրվարի 19-ից գտնվում է անազատության մեջ։ Քվեարկության օրը ահազանգ ստանալով, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցները լցոնումների միջոցով իրականացնում են ընտրակեղծիքներ, Հ. Ուռուտյանը` որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մեկնել է ընտրական տեղամաս եւ պահանջել է պահպանել քվեարկության օրինականությունը, սակայն ընտրական հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձինք հրահրել են սադրանք։ Կեղծ, ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա ոստիկանության կողմից բերման է ենթարկվել միայն Հ. Ուռուտյանը եւ կալանավորվել։ Նա ազատ արձակվեց 2011 թվականին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը իշխանության է վերադարձնում լեւոնականներին, որովհետեւ եթե քաղաքապետի հեռացման գործում նրանք են ակտիվություն ցուցաբերում, ապա ապագա քաղաքապետն էլ իրենցից է լինելու։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փաշինյանը իշխանության է վերադարձնում «լեւոնականներին»”

Մեկնաբանել