Կրակոցների մարտահրավերը Վալերի Օսիպյանին. օպերատիվ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից

Oct 15, 2018 Չի մեկնաբանվել

Մինչ Երևանում բացառիկ հանդիսավորությամբ հոկտեմբերի 11-ի երեկոյան Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի գալա-համերգն էր ընթանում, Վանաձորի  «Նավ» ռեստորանի բակում հնչեցին կրակոցներ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ փորձել են սպանել քրեական հեղինակությունների: Ըստ նախնական տեղեկությունների՝  կրակոցներից վիրավորում են  ստացել  41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 37-ամյա Գրիգորի Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Արմեն Սեդրակյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ մինչև կրակոցները նշված անձինք «Նավակ» ռեստորանի 2-րդ հարկում մասնակցելիս են եղել սգո արարողությանը, որից հետո իջել են բակ և հնչել են կրակոցներ: Ավելի ուշ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վերջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված:

Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների միջադեպի հետ: Ոստիկանության  տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝  հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ՝ Վանաձոր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Մամուլը գրում է, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 3 տղամարդիկ մասնակցելիս են եղել Գևորգ Նավոյանի հարազատներից մեկի հոգեհանգստին: Մինչ ժամը 18-ը, երբ տեղի էր ունենալու հոգեհանգիստը, վիրավորում ստացած տղամարդիկ մտել են սգո սրահի հարեւանությամբ գործող նշված Նավ ռեստորան, հաց կերել, այնուհետեւ, երբ ռեստորանից դուրս են եկել, նրանց է մոտեցել Վազ-21-07 մակնիշի ավտոմեքենան, ինքնաձիգից կրակոցներ արձակել ու անմիջապես դիմել փախուստի: Ավելի ուշ ավտոմեքենան ամբողջովին այրված վիճակում հայտնաբերվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում: Մեքենան, որից կրակոցներ են արձակվել, գնվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն գնորդը մեքենայի անվանափոխում չի իրականացրել:

Դեպքից հետո  Վանաձորի բոլոր փողոցներում ոստիկանությունը «պոստեր» է տեղակայել, իրավապահները շուրջ 2 տասնյակ բնակարաններ են այցելել, բազմաթիվ անձինք են տարվել ոստիկանության բաժիններ, բազմաթիվ հարցաքննություններ են կատարվել նրանց հետ, ովքեր որեւէ կերպ հնարավոր է առնչություն ունեցած լինեն աղմկոտ կրակոցների հետ: Ոստիկանների կողմից իրականացվում են մեծամասշտաբ օպերատիվ գործողություններ, որոնք հիմնականում առնչվում են քրեական անցյալ ունեցող անձանց հետ: Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ  Վանաձորի քրեական հեղինակություններից մի քանիսը դիմել են փախուստի:

Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ են հայտնվել, որ  Գեւորգ Նավոյանը Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է, ով Հայաստան էր ժամանել վերջերս, հարազատներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելու համար եւ օրեր առաջ արդեն պետք է մեկնած լիներ Մոսկվա, սակայն հարազատներից մեկի մահը հետաձգել է Մոսկվա այցը: Վանաձորցիները չեն բացառում, որ հնչած կրակոցները կարող են նաև շարունակություն ունենալ:

Սա մեկ շաբաթվա մեջ Հայաստանում տեղի ունեցած երկրրոդ խոշոր քրեական ռազբորկան է: Անցած կիրակի մեծ աղմուկ բարձրացավ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի միջև տեղի ունեցած միջադեպի շուրջ: Երևանյան ռեստորաններից մեկում արձակված կրակոցներից մահացել էր նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանը, ով առավել հայտնի է Յուվեցի Կարո մականունով, իսկ ժամեր անց Զովունիում գտնվող արտադրամսերից մեկում հայտնաբերվել էր Հարություն Ղարագյոզյանի դին, ով հայտնի է Կարմելի Հարութ մականունով: Նախնական վարկածով՝ Յուվեցի Կարոյին սպանել է Կարամելի Հարութը, իսկ հետո վերջինս դիմել է ինքնասպանության: Երկու նախկին պատգամավների միջև փողային լուրջ հարցեր են եղել, որն էլ դարձել է ողբերգության առիթ: Վարկած կամ նաև, որ Կարմելի Հարութը ոչ թե ինքասպան է՝ եղել,  այլ տեղի է ունեցել սպանություն:

Աղմկոտ կրակոցները լուրջ մարտահրավեր են դառնում Հայաստանի նոր իշխանության և հատկապես ոստիկանապետ Վալերի Օսիպյանի համար: Օպերատիվ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից և մեկը մյուսին հաջորդող արյունոտ ռազբորկաները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռևս ավարտված չէ քրեկան հեղինակությունների էպոխան: Չնայած որ ԱԱԾ-ն բոլորին կոչ արեց հանձնել ապօրինի զենք-զինամթերքը, սակայն, կան մարդիկ, ովքեր շարունակում են կրել  զենք- զինամթերք: Ավելին, նրանք զենքն օգտագործում  ըստ ցանկության, ընդ որում հանրային վայրերում, իսկ ոստիկանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա,  առնվազն մեկ քայլ ետ է մնում:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կրակոցների մարտահրավերը Վալերի Օսիպյանին. օպերատիվ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից”

Մեկնաբանել