Երևանի հատուկ դպրոցները գալիք տարվանից այլ կարգավիճակ կունենան. նոր փոփոխություն

Oct 14, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ փոփոխություն է կատարվել համաընդհանուր ներառական կրթության անցնելու ժամանակացույցում:

Ըստ այդմ` մայրաքաղաք Երևանում  անցումը համընդհանուր ներառման  մեկ տարով հետաձգվել է:  Հաստատված նախնական ժամանակացույցով, համակարգի ներդրումը Երևան քաղաքում նախատեսվում էր 2018 թվականին: Ըստ այդմ՝ մայրաքաղաքում նախատեսվում էր առնվազն 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում` հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով: Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանը ամենամեծ համայնքն է, և հատուկ դպրոցները հիմնականում կենտրոնացված են Երևանում (գործող 17 հատուկ դպրոցներից` 11-ը այստեղ են գտնվում), Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը վերանայվեց՝ այն տեղափոխվեց 2019 թվական։ Դրանով էլ պայմանավորված, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի ներդրման ժամկետը 2018 թվականից տեղափոխվեց 2019 թվական։ Նշված փոփոխություններն արդեն իսկ արտացոլվել են 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ( ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 797 – Ն որոշմամբ)։

Ժամանակացույցի փոփոխությունից հետո`  2019 թվականին նախատեսվում է ապահովել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը՝ մայրաքաղաքում գործող Երևան քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Համակարգի ներդրման արդյունքում Երևան քաղաքում՝ կձևավորվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ՝ հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով, կներդրվի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և երեխայի կրթության կարիքի գնահատման եռաստիճան համակարգը: Գնահատման նշված համակարգը ներառում է դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից, տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից և հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից: Բացի այդ՝ հանրակրթական դպրոցներում կներդրվեն ուսուցչի օգնականի և հատուկ մանկավարժի հաստիքներ, կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի:  Վերակազմակերպված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից կիրականացվի աշակերտների տեղափոխումը հանրակրթական դպրոց: Նոր ձևավորված համակարգի գլխավոր առանձնահատկություն այն է, որ հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում: Նշված գործընթացով պայմանավորված` կպակասեն ներառական կրթությանը և հատուկ կրթությանը պետական բյուջեից հատկացվող գումարները, դրանք կուղղորդվեն մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրմանը երեք մակարդակներում և հանրակրթության մեջ ներառված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը:

Նշենք, որ 2016-2018 թվականների ընթացքում Հայաստանի չորս մարզում՝  Սյունիքում, Լոռում , Տավուշում և Արմավիրում  արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Նշված մարզերում գործող հատուկ հանրակրթական դպրոցները վերակազմակերպվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, իսկ այդ հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ։ Համակարգի ներդրման արդյունքում, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ, հանրապետությունում գործող նախկին 23 հատուկ հանրակրթական դպրոցներից 6-ը դարձել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Միաժամանակ նշված մարզերում ներդրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության ։

Այս պահին գործում է 17 հատուկ դպրոց, որոնցից 11-ը Երևանում: Դեռևս վերջնական որոշում չկա, թե արդյոք հնարավոր է Երևանի բոլոր հատուկ դպրոցները փակել և այնտեղ սովորող երեխաներին ուղղարդել սովորական դպրոցներ: Նախնական քննարկումների ժամանակ մասնագիտական մոտեցումները տարբեր են եղել: Կա տեսակետ, որ Երևանում հանրապետական նշնանակության մի քանի հատուկ դպրոց, այնուամենայնիվ պետք է պահպանել, որտեղ, ըստ երեխայի կարիքի և առողջապահական բնութագրի, կարող են տեղ գտնել հատուկ կարիքով երեխաները:

 

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Երևանի հատուկ դպրոցները գալիք տարվանից այլ կարգավիճակ կունենան. նոր փոփոխություն”

Մեկնաբանել