Արցախում պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք գտնվում են բնական վիճակում (լուսանկարներ)

Oct 12, 2018 Comments Off on Արցախում պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք գտնվում են բնական վիճակում (լուսանկարներ)

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում շարունակվում են դամբարանադաշտի պեղումները։ Այս մասին Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Facebook -ի  էջի գրառումը տեղեկացնում է, որ նախօրեին պեղավայրում էր ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ծանոթանալու պեղումների ընթացքին։

«Խաչենագետի հովիտը հնագիտական հարուստ տեղեկություն է իր մեջ ամփոփում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում»,֊ ընդգծել է նախարարը։

«Պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը»։

Պեղումները կատարվում են ԱՀ ՄԵՀԶ նախարարության կողմից։ Դրանք սկսվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին։ Այս պահին պեղումների երկրորդ փուլն է ընթանում։

Արշավախմբի ղեկավարը հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանն է»,-ասված է գրառման մեջ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: