Սերժ Սարգսյանի օրոք ակտիվորեն բիզնեսով զբաղվող Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում

Oct 12, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի օրոք ակտիվորեն բիզնեսով զբաղվող Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը մի քանի օր է` չի իջնում ԱԱԾ հաղորդագրություններից: Ու ճակատագրի հեգնանքով Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, իհարկե, տարբեր քրեական գործերով:

Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է 2009թ. Արմեն Ավետիսյանի նկատմամբ մահափորձի պատվիրատուն, ըստ այդմ` մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի նկատմամբ:

Իսկ երեկ պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։

Գործն առնչվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցմանը: Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Ավետիսյանն անձամբ ֆինանսավորել է հյուրանոցի շինարարությունը, սակայն ներկայացվել է, թե կառուցողը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունն է, որ ներդրումներ է անում ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. ԱԱԾ տեսանյութում հյուրանոցի բացման արարողության արխիվային կադրերն են, որտեղ Քոչարյանը խոսում էր օտարերկրյա ներդրումների մասին: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Ավետիսյանը տեւական ժամանակ աշխատել է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո:

Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ-ի` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001թթ. աշխատել է ՀՀ ԱԱՄ վարչության պետ, այն ժամանակ Սարգսյանն ԱԱ նախարարն էր, հետո ՊՆախարարը: Սակայն 2001թ. էլ Ավետիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ, եւ այդ պաշտոնից նրան հեռացրեց Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո։

Միայն թե Սարգսյանի նախագահության ժամանակ Ավետիսյանը շատ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, հենց Սերժ Սարգսյանի հորդորով է նա արդեն Ծաղկաձորում կառուցել եւս մեկ «Գոլդեն Փելես» հյուրանոց ներդրումներ ցույց տալու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: